«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տեղակալ Մակար Ղամբարյանին, որպեսզի ներկայանա դատարան՝ որպես վկա հարցաքննվելու: Երեկ Մակար Ղամբարյանը անձամբ ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան եւ որպես վկա հարցաքննվել։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020թ.-ի նոյեմբերի 24-ին: Նրա անունը նաեւ «Օրսիսի գործ»-ի հետ էր կապվում: Հիշեցնենք,որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։


Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը եւ Դավիթ Գալստյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Եվ, ահա, այս գործի շրջանակներում էլ Մակար Ղաբարյանը ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում