Մայիսի 29-ից հունիսի 2-ը Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը՝ ի դեմս ղեկավար Սուրեն Թովմասյանի և կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանի, առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ընթացող Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթին: Հայտնում են կոմիտեից:

Միջոցառման պաշտոնական բացման արարողության ժամանակ Չափագրողների միջազգային ֆեդերացիան հաստատել է ՀՀ Կադաստրի կոմիտեի անդամակցությունը: Սրանով միջազգային ևս մեկ հարթակում կապահովվի Հայաստանի Հանրապետության ներկայությունը՝ ի դեմս Կադաստրի կոմիտեի:

Կոմիտեն դարձել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի փոխկապակցված անդամ (Affiliate Member), իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ակադեմիական անդամ:

Ֆեդերացիան միավորում է ավելի քան 120 երկրների ներկայացուցիչների և խթանում է չափագրողների միջև մասնագիտական ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ նպատակ ունենալով նպաստել հանրության մշտապես փոփոխվող կարիքների բավարարմանը և կայուն զարգացման ապահովմանը:

Կադաստրի կոմիտեի անդամակցությունը վերոնշյալ կազմակերպությանը կնպաստի միջազգային մասնագիտական կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության ընդլայնմանը, կընդգծվի չափագրման կարևորությունը հասարակության, շրջակա միջավայրի և տնտեսության բարելավման համար, կապահովվի հասանելիություն միջազգային գեոդեզիական համայնքի հետ փորձի փոխանակման համար։

Ասոցիացիայի փոխկապակցված անդամը հնարավորություն կունենա նաև հանձնաժողովի աշխատանքային խմբերի և Չափագրողների միջազգային ֆեդերացիայի աշխատանքային խմբերում մասնակցելու գեոդեզիական պրակտիկայի և տարբեր թեմաների բազմաթիվ ասպեկտների մշակմանը, ներառյալ էթիկայի, չափանիշների, կրթական և մասնագիտական հարցերի քննարկումների, ինչպես նաև մաս կազմել համաշխարհային գեոդեզիական համայնքին, որի գործունեությունը նպատակաուղղված է հասարակության կրթական և մասնագիտական դիրքերի բարելավմանը: