ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տեղեկությանը, որ Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ պատրաստվում է ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին:

Պատելը նշել է, որ հանդիպման հստակ ժամկետներ հայտնել չի կարող, սակայն ակնկալում են, որ Վաշինգտոնում մինչև այս ամսվա վերջ բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի:

«Մենք անհամբեր սպասում ենք այս ամսվա վերջին Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագա կառուցելուն:

Ինչպես նախկինում ասել եմ, ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ-ն գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, այդ թվում նաև՝ ղեկավարների վերջին հանդիպումը»,- ասել է Պատելը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։ Քննարկումների կմեկնարկեն հունիսի 12-ին։