Ուկրաինայի Խերսոնի մարզում փլուզվել է Կախովսկայա ՀԷԿ-ը, ջուրը տոննաներով լցվել է Դնեպրը։ Այն շրջաններում, որտեղ հեղեղում է սկսվել, տեղի բնակչությանը տարհանում են։ Ամբարտակը վերականգնման ենթակա չէ, հայտարարել են այն վերահսկող ռուսական իշխանությունները։

Վարկածներից մեկի համաձայն՝ ամբարտակը, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, պայթեցրել են, մեկ այլ վարկածով՝ փլուզման պատճառը նախկին վնասվածքներն են։ Պատերազմի կողմերը պատահածի մեջ մեղադրում են մեկը մյուսին։

Խերսոնի ռազմական վարչակարգի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը երեքշաբթի առավոտյան հաստատել է Կախովսկայա ՀԷԿ-ի պայթյունը եւ ասել, որ ջուրը կհասնի կրիտիկական մակարդակի 5 ժամ հետո։

Ուկրաինական զորքերի «Հարավ» խմբավորման օպերատիվ հրամանատարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ռուս զինվորականները։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Դարյա Զարիվնան հայտարարել է, որ պայթյունի նպատակն ուկրաինական հակահարձակման տապալումն է։

Կախովի շրջանի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ռազմաքաղաքացիական վարչակարգի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը տեղեկացրել է, որ ամբարտակի հենասյուները փլուզվել են Ուկրաինայի գիշերային հարվածներից։ Դնեպրի՝ ռուս զինվորականների զբաղեցրած ձախ ափին հեղեղման գոտում է հայտնվել Նովայա Կախովկան։

Նրա խոսքով՝ ամբարտակը վերականգնման ենթակա չէ։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Կախովսկայա ՀԷԿ-ում փլուզվել է 28 թռիչքներից 11-ը։

Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտարարել են Դնեպրի աջափնյակից քաղաքացիական բնակչության տարհանման մասին։ Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ հեղեղման վտանգի տակ են Նիկոլայեւկա, Օլգովկա, Լեւո, Տյագինկա, Պոնյատովկա, Իվանովկա, Տոկարեւկա, Պրիդնեպրով գյուղերը Դնեպրի աջ ափին եւ Խերսոնի մի մասը՝ Կորաբել կղզին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության խորհրդի շտապ նիստ է հրավիրել՝ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթեցման կապակցությամբ։

Կախովսկայա ՀԷԿ-ում ամբարտակի պայթեցման սպառնալիքի մասին Վլադիմիր Զելենսկին խոսել էր դեռեւս 2022թ. հոկտեմբերին։ Մոսկվան այն ժամանակ ամբարտակի դեմ գրոհի հարցում մեղադրել էր Կիեւին։ Տեղեկացվել էր, որ տեղի է ունեցել ջրի արտահոսք հեղեղման մակերեսի կրճատման համար՝ օբյեկտի վնասման դեպքում։

Կախովսկայա ՀԷԿ-ը գտնվում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից մասամբ վերահսկվող Խերսոնի մարզում։ Կախովի ջրամբարի ափին է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթեցումը կստեղծի վտանգներ ԶԱԷԿ-ի համար՝ ռեակտորների ջրային սառեցման պատճառով, ինչպես նաեւ կարող է առանց ջրի թողնել Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմը։