Շենավան համայնքի ղեկավարի կողմից անապահով ընտանիքին համայնքի բյուջեից հատկացված գումարի յուրացման գործը շարունակվում է քննվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Մկրտչյանը, հանդիսանալով Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավար, 2012թ. Շենավան համայնքի ավագանու որոշմամբ՝ նույն համայնքի բնակիչներ Արթուր և Վարազդատ Եղիազարյաններին, որպես անապահով ընտանիք, համայնքի բյուջեից հատկացված 500.000 ՀՀ դրամ սոցիալական օգնության գումարից վերջիններիս հայր Գարեգին Եղիազարյանին անձամբ տվել է 300.000 ՀՀ դրամ: Գումարի մյուս մասը՝ 200.000 դրամը, պարտավորվել է վճարել հողի հարկի դիմաց Եղիազարյանների ընտանիքի ունեցած պարտքի գումարը: Բայց ինչպես պարզվել է, համայնքի ղեկավարը գումարը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վերոհիշյալ 200.000 դրամը յուրացրել է: Արթուր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: