Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի  շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:

«Քրիստոնեադեմոկրատների՝ թվով երրորդ անընդմեջ հաղթանակը միանգամայն սպասելի էր. Ձեր իմաստուն ղեկավարությամբ Գերմանիան համաշխարհային մարտահրավերների այս դժվարին շրջափուլում ոչ միայն չընկրկեց ու շարունակեց վերելք ապրել, այլեւ օգնության ձեռք մեկնեց հարեւան եւ բարեկամ մի շարք պետությունների՝ առավել բարձրացնելով իր հեղինակությունն ու վարկը միջազգային ասպարեզում:

Միաժամանակ, այս ընտրությունների արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը փաստեց, որ Դուք` Ձեր մասնագիտական բարձր կարողությունների, երկարամյա համառ ու նպատակասլաց աշխատանքի եւ մարդկային բարձր որակների շնորհիվ, շարունակում եք վայելել գերմանացի ժողովրդի վստահությունը:

Համոզված եմ, որ Դաշնային կառավարությունը Ձեր գլխավորությամբ կշարունակի հանձնառու լինել փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա խարսխված հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացմանը, ինչում Հայաստանը խորապես շահագրգիռ է:

Որպես Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար` մեծապես արժեւորում եմ նաեւ մեր ղեկավարած կուսակցությունների միջեւ առկա համագործակցությունը եւ կապերի հետագա խորացումը` հատկապես ԵԺԿ շրջանակներում:Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` կայուն առաջընթաց եւ բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո տիկին Մերկել, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: