Ստորև Ձեզ ենք ներկայացնում ԵՊԲՀ մի խումբ ուսանողների բաց նամակ-դիմումը.
Մենք՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի թվով 220 ուսանողներ, այսօր կանգնած ենք բարդագույն խնդրի առջև, որն իրականում ճակատագրական նշանակություն ունի մեզանից յուրաքանչյուրիս համար: Խնդիրը կայանում է նրանում, որ այս ընթացիկ ուսումնական տարում մեզ հատկացված ժամանակամիջոցը, որի ընթացքում պետք է հանձնվեր սահմանված քննությունները, իրականում բավական չի եղել թվով հինգ-վեց առարկայից բարդագույն քննություններ հանձնելու համար:
Արդյունքում' քննություն հանձնող ուսանողների գերակշիռ մեծամասնությունը կուտակել է քննական պարտքեր, որոնք հանձնելու համար ունեցել է երկու հնարավորություն: Այդ երկու հնարավորությունները ի օգուտ մեզ օգտագործելու համար քննություն հանձնող ուսանողները փորձել են հնարավորինս պատշաճ նախապատրաստվել քննություններին, սակայն այդ քննությունները հանձնելու համար սահմանված ժամանակային միջակայքը ևս խիստ սահմանափակ էր, իսկ մյուս կողմից էլ մեզ համար անհասկանալի պատճառով յուրաքանչյուր հաջորդ լուծարքի մարման ժամանակ քննական տոմսերի գերակշիռ մասը փոփոխության էր ենթարկվում՝ ըստ էության ավելի բարդանալով: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ լուծարքի մարման յուրաքանչյուր հաջորդ շրջանը ըստ էության պետք է ավելի հեշտ հաղթահարելի լինի:

Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ԵՊԲՀ-ում ևս նման իրավիճակ էր ստեղծվել: Հարյուրավոր ուսանողների խնդրանքին ընդառաջ գնալով՝ Կրթության և գիտության նախարարությունը ընձեռեց ևս մեկ հնարավորություն՝ կուտակված պարտքերը մարելու համար՝ սահմանելով լուծարքային քննությունները հանձնելու մեկից ավելի մուտքի հնարավորություն: Ըստ էության այդ պահից մինչ այսօր բուհում ոչ մի էական փոփոխություն չի եղել, որն անհնար կդարձնի վերը նշված նախադեպի ևս մեկ անգամ կիրառումը, սակայն պատասխանատուները թե բուհում և թե նախարարությունում դեռևս լռում են: Մենք ընդունում են այն հանգամանքը, որ որպես ուսանողներ ունեցել ենք նաև որոշակի թերացումներ, սակայն հետայսու վճռական ենք և պատրաստակամ՝ այլևս նման իրավիճակում չհայտնվելու, քանզի այս խնդրի լուծումից է կախված յուրաքանչյուրիս կյանքի հետագա ընթացքը: Հետևաբար խնդրում ենք պատասխանատու մարմիններին՝ ի դեմս Կրթության և Գիտության նախարարության հետամուտ լինել այս խնդրի լուծմանը՝ ընձեռելով մեզ պարտքերը մարելու ևս մեկ լրացուցիչ հնարավորություն:

Կանխավ շնորհակալ ենք,
Կից ներկայացնում ենք ուսանողների ստորագրությունները՝

◀▶