26.09.2013 թ. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Հրազդան» կայարանի աշխատակիցների մի մասի կողմից նախաձեռնած ակցիայի կապակցությամբ հայտնում ենք, որ այս միջադեպի առիթ էր հանդիսացել կայարանապետ Ա. Ստեփանյանի գործողությունները, ում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով առաջարկվել է այլ պաշտոնի տեղափոխել: Սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին «Հրազդան» կայարանում տեղի էր ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար: Կայարանի հերթապահ Ա.Խաչատրյանը, լքելով իր աշխատատեղն, իր գործընկեր Ս.Սիրունյանի հետ կայարանամերձ հրապարակում որոշել էր ստուգել անձնական ավտոմեքենայի արգելակները: Արդյունքում, ղեկին գտնվող Ս.Սիրունյանը վրաերթի ենթարկեց Ա.Խաչատրյանին, ով ընկնելով գլխի վնասվածք էր ստացել և մահացել: Այս միջադեպի հետ կապված իրականացված ստուգումների արրդյունքում կայարանում բացահայտվել էր աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի ոչ բավարար մակարդակ: Բացահայտվեց նաև, որ կայարանի պետը չէր իրականացնում իր աշխատանքային պարտականությունները: Սակայն հաշվի առնելով կայարանապետ Ստեփանյանի երկարամյա աշխատանքը երկաթուղային համակարգում՝ նրան առաջարկվել է անցնել այլ աշխատանքի: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հարկ է համարում պարզաբանել, որ. 1. Աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի խախտումները և Ստեփանյանի կողմից իր աշխատանքային պարտականությունների չկատարումն արձանագրված են միջադեպի պատճառների ուսումնասիրության համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից: Կայարանապետին զբաղեցրած պաշտոնից տեղափոխվելու առաջարկը պայմանավորված է սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպով, որի պատճառով կարգապահական պատասխանատության ենթարկվեց ոչ միայն Ստեփանյանը, այլ նաև մի շարք այլ ղեկավարներ: 2. Աշխատավարձի բարձրացման հետ կապված հայտնում ենք, որ ՀԿԵ-ում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 195 000 դրամ: Համամատության համար հիշեցնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 149 725 դրամ: Բացի այդ, աշխատավարձի ծավալը ՀԿԵ-ում պարբերաբար ինդեքսավորվում է: Օրինակ, 2013 թվականի օգոստոսին արձանագրվել է 11%-նոց աճ 2012-ի նույն ամսվա հետ համեմատ: «Հրազդան» կայարանում միջին ամսեկան աշխատավարը կազմում է 150 000 -180 000 դրամ (առանց հարկման): Միևնույն ժամանակ Հրազդան-Կաքավաձոր-Մեղրաձոր միավորված կայարանի բեռնատար աշխատանքների ծավալները հունվար-օգոստոսին կազմեցին 1156 վագոն՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 1663 վագոնի դիմաց, որի մեջ Հրազդան կայարանի մասը կազմում է միայն 14,1%: Իսկ աշխատավարձի 11%-նոց աճի պարագայում կայարանի աշխատանքը կրճատվել է 30%-ով: Այսպիսով, կայարանի կողմնապահ աշխատողների կողմից այսօր ներկայացված պահանջները անհիմն են և ուղղված են միայն սեփական անձերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ