ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Shot-ի թելեգրամայն ալիքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «բռնացրել է» միմյանցից ոչ հեռու կանգնած։
Լրագրողը դիմել է Ալիևին՝ հարցով, թե երբ է համաձայնեցվելու՝ ըստ երևույթին նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը։
Ալիևը պատասխանել է. «Ուրեմն համաձայնության կգանք»։
Երբ լրագրողը ճշտող հարց է ուղղել Ադրբեջանի նախագահին. «Ե՞րբ համաձայնության կգաք: Այս տարի հնարավո՞ր է»,- Ալիևը թոթվել է ուսերը։
Երբ լրագրողը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ալիևը հեռացել է։
«Նիկոլ Վովաևիչ, դո՞ւք ինչ կասեք»,- հարցրել է լրագրողը։
«Ես արդեն ներկայացրել եմ առաջարկս։ Ըստ իս՝ հիմա ստորագրելու համար բավականաչափ համաձայնեցված բովանդակություն կա»,-ասել է նա:
«Մոսկվայի միջնորդությա՞մբ»,-ճշտել է լրագրողը։
Նիկոլ Փաշինյանը սկսել է հեռանալ լրագրողներից, իսկ նրանցից մեկը հարցրել է. «Իսկ հիմա դրա վերաբերյա՞լ չէիք շփվում»:
«Դրա վերաբերյալ»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։