Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում ընթրիքի ժամանակ հանդիպել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ: Այսպիսով, Facebook-ի հիմնադիրն ընդունել է նախկին նախագահի հրավերը, ում հաշիվը նախկինում արգելափակել էր նրա ընկերությունը, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Սթիվեն Միլլերը, որը նշանակվել է Թրամփի երկրորդ ժամկետի շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ասել է, որ Ցուկերբերգը, ինչպես մյուս բիզնես առաջնորդները, ցանկանում է աջակցել Թրամփի տնտեսական ծրագրերին:
«Մարկն ակնհայտորեն ունի իր սեփական շահերը, նա ունի իր ընկերությունն ու իր օրակարգը», - հանդիպման մասին Fox News-ին ասել է Միլլերը: «Բայց նա հասկացրեց, որ ցանկանում է աջակցել Ամերիկայի ազգային նորացմանը Թրամփի օրոք»:
2024 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում Ցուկերբերգը չի պաշտպանել նախագահի որևէ թեկնածուի։ Meta-ի ներկայացուցիչը հաստատել է, որ Ցուկերբերգն ու Թրամփը հանդիպել են չորեքշաբթի՝ ասելով, որ իրեն հրավիրել են ընթրիքի նորընտիր նախագահի և նրա թիմի մյուս անդամների հետ՝ խոսելու ապագա վարչակազմի մասին: