ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին։

Նախարարը չափազանց բարձր է գնահատել անցած 21 տարվա ընթացքում ՀԱՆ-ի Հայաստանի ակնաբուժության զարգացման գործում ունեցած ներդրումը։ Կազմակերպությունը, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, մարզերում և Երևանում իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի շրջանակում մարզերում իրականացվել են բնակչության ակնային լայնածավալ զննումներ և ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Շուտով կսկսվի մարզային հերթական` վեցերորդ շրջայցը։

ՀԱՆ-ը թևակոխում է ծրագրային մի նոր փուլ։ Դեռ այս տարվա հուլիսին Լոս Անջելեսում Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի ընթացքում Ռոջեր Օհանեսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը քննարկել էր մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու հարցը և այս հանդիպումն ավելի շատ համագործակցության հետագա քայլերը հստակեցնելու նպատակ ուներ։ Նախարարը կարևորել է ակնաբուժական ծառայությունները արդիականացված մարզային բուժհիմնարկներում հիմնելը, որպեսզի գործող ծառայություններն իրենց մատուցման որակով համահունչ լինեն ներդրվող նոր ծառայությանը։ Առաջնահերթությունը տրվում է հեռավոր մարզերին, որտեղ ակնաբուժության ստացիոնար ծառայություն կազմակերպելու անհրաժեշտությունն ակնհայտ է դարձել մարզերում բաց դռների օրերի ընթացքում։
Ռոջեր Օհանեսյանը նշել է, որ մարզային ակնաբուժական կենտրոններում նախատեսվում են զննման սենյակ և վիրահատարան, որոնք կհագեցվեն անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։ Կիրականացվեն առավել տարածված հիվանդությունների` կատարակտի և գլաուկոմայի վիրահատություններ: Ծրագրի հետագա հաջողության գործում նա կարևորել է այդ կենտրոններում աշխատող բժիշկների մասնագիտական հմտությունները և մատուցվող ծառայությունների որակը, որպեսզի չշարունակվի մարզերից հոսքը դեպի մայրաքաղաք:

Դերենիկ Դումանյանն առաջարկել է ակնաբուժական առաջին կենտրոնը հիմնել Տավուշի մարզում, հավելելով, որ մարզային ղեկավարությունն արդեն պատրաստ է դրան և ծրագրի մասնագետների հավանությանն է արժանացել այն Իջևանի արդիականացված բժշկական կենտրոնում կազմակերպելու առաջարկը։ Նախարարը նաև նշել է, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայից հայրենիք վերադարձած ակնաբույժ ամուսինների հետ, ովքեր Սիրիայում ակնաբուժական կլինիկա են ունեցել, բարձր որակավորման մասնագետներ են և պատրաստակամություն են հայտնել աշխատել Տավուշի մարզի այդ կենտրոնում:

Այնուհետև, առաջնորդվելով նույն սկզբունքներով, Դերենիկ Դումանյանն առաջարկել է ծրագրի իրագործումը հաջորդաբար շարունակել Գյումրիում, Վայոց ձորում, Լոռիում, Սյունիքում։ Քննարկվել է հնարավորության դեպքում ծրագիրը Արցախում ևս իրականացնելու հարցը։

Հանդիպման ընթացքում նախարարին տեղեկություններ են տրվել նաև կուրությունը կանխելու նպատակով անհասության ռետինոպատիայի նորածնային սկրինինգի և բուժման ծրագրի ընթացքի մասին: Որպեսզի ռիսկային խմբում գտնվող երեխաների հետագա վիրահատական բուժումն այսուհետ արտասահմանում չիրականացվի, ՀԱԿ-ն իր գործընկերների հետ Երևանում ստեղծում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։ Նշվել է, որ արդեն Հայաստան են բերվել վիրահատական բուժման համար անհրաժեշտ սարքավորումները։

Դերենիկ Դումանյանը վստահեցրել է, նախարարությունը կշարունակի սատար կանգնել կարևոր այս ծրագրերին և կաջակցի նոր ստեղծված մարզային ակնաբուժական կենտրոնների գործունեությանը։