Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ:

Ճիշտ այսքան գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը,-այա մասին գրում է Փաստինֆոն:

Նշենք, որ ավելի քան 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգը:

Այս ծախսը բյուջեյում ձևակերպվել է իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա:

Հետաքրքրական է, որ իբրև այս գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:

Դատելով այն բանից, որ կառավարությունը համերգից հետո, այդուհանդերձ, որոշեց փոխհատուցել դրա կազմակերպման ծախսերը, ապա կարող ենք վստահ լինել, որ Նունե Եսայանի համերգի շնորհիվ քաղաքացիական հասարակության տեղեկացվածությունը արվեստի ոլորտում, իրոք, բարձրացել է: