Ֆրանսիան պատրաստ է Դանիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել՝ Գրենլանդիայի անվտանգությունն ամրապնդելու համար, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Գրենլանդիայում ստեղծված իրավիճակը հստակ արթնացման կոչ է բոլոր եվրոպացիների համար»,- ասել է Մակրոնը Դանիայի մայրաքաղաք Նուուկ կատարած այցի ժամանակ։ Նա ասել է, որ ԵՄ-ը կարծում է, որ կղզին «չի կարելի ո՛չ վաճառվել, ո՛չ էլ վերցնել», այն այժմ ենթակա է «գիշատչական նկրտումների»։ Ֆրանսիայի նախագահը Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու Թրամփի գաղափարը անվանել է «խելագարություն» եւ խոստացել է այդ հարցը քննարկել Սպիտակ տան ղեկավարի հետ հունիսի 16-ին նախատեսված G7-ի հանդիպման ժամանակ։

Մակրոնի այցը Գրենլանդիա ԵՄ երկրի ղեկավարի առաջին այցն է կղզի այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ կղզին պետք է միանա Միացյալ Նահանգներին: Ֆրանսիայի նախագահը Նուուկ է ժամանել Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հրավերով: Գրենլանդիան դանիական գաղութ էր մինչեւ 1953թ.։ 2009թ. տարածքը ստացավ ինքնավարություն՝ ինքնակառավարման հնարավորությամբ։ Թրամփը սկզբում կղզին գնելու ցանկության մասին խոսել էր իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։ 2019թ. նա դրա արժեքը գնահատել էր 600 մլն դոլար։ Այս տարվա հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը դիմել է Դանիային եւ պահանջել, որ հանձնի Գրենլանդիան, որը, նրա խոսքով, Վաշինգտոնին անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգությունն ապահովելու եւ «ազատ աշխարհը» Չինաստանից ու Ռուսաստանից պաշտպանելու համար։


Մայիսին Թրամփը ենթադրել էր, որ ԱՄՆ-ը կարող է ուժ կիրառել կղզին գրավելու համար։ Միեւնույն ժամանակ, կղզում արդեն իսկ գործում է ԱՄՆ ռազմական բազա՝ Պիտուֆիկը, որտեղ հերթապահում են 200 ամերիկացի զինվորներ եւ տեղակայված են F-35 կործանիչներ։ Այս օբյեկտը չափազանց կարեւոր է բալիստիկ հրթիռների վաղ նախազգուշացման համակարգի համար, եւ այն Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ամենակարճ ճանապարհն է։ Պիտուֆիկից մինչեւ Մոսկվա հեռավորությունը 3 757 կիլոմետր է։ Bloomberg-ի աղբյուրները պնդում են, որ Թրամփը հետաքրքրված է նաեւ Գրենլանդիայով, քանի որ այն պարունակում է ոսկու, ադամանդի, ուրանի եւ հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնիկայի եւ ռազմական տեխնիկայի արտադրության համար։