Գիտնականների միջազգային թիմը ծովային կենդանական աշխարհի մեծ բազմազանություն է հայտնաբերել Արևելյան Անտարկտիդայի Դենման սառցադաշտի շրջանում։ Այս մասին հայտնում է Particle-ը։
Առաջին հայացքից Անտարկտիդան թվում է ամայի և միապաղաղ՝ սառույց, ձյուն և խիստ պայմաններ, որտեղ գոյատևում են միայն սակավաթիվ կենդանիներ։ Սակայն այս տպավորությունը խաբուսիկ է։ Իրական խնդիրն այն է, որ մենք գրեթե ոչինչ չգիտենք այս մայրցամաքի մասին։
Ավստրալական RSV Nuyina հետազոտական նավի առաջին գիտարշավը քայլ էր այս բացը լրացնելու ուղղությամբ։ Նավն ուղևորվել է Դենման սառցադաշտ, որը գտնվում է Արևելյան Անտարկտիդայում և Երկրի ամենադժվարամատչելի ու քիչ ուսումնասիրված վայրերից մեկն է։ Արշավախմբին մասնակցել է 65 գիտնական, այդ թվում՝ Ջեյմս Կուկի համալսարանի պրոֆեսոր Ջան Սթրագնելը։
Հատակի տրալի միջոցով հավաքվել են տասնյակ տեսակի անողնաշարավոր կենդանիներ, այդ թվում՝ ծովային աստղեր, հոլոթուրիաներ (ծովային վարունգներ), փափկամարմիններ, ութոտնուկներ և այլ օրգանիզմներ։ Ընդհանուր առմամբ, հաջողվել է գրանցել 14 տարբեր տիպերի (տիպերի, ոչ թե տեսակների) ներկայացուցիչներ, ինչը վկայում է տարածաշրջանում կենսաբազմազանության բարձր մակարդակի մասին։
Ըստ գիտնականների, հայտնաբերված օրգանիզմների մի մասը կարող է նորություն լինել գիտության համար։ Նմուշները կոնսերվացվել են հետագա գենետիկական հետազոտությունների համար։ Ստացված տվյալները կօգնեն ուսումնասիրել անտարկտիկական տեսակների էվոլյուցիան, ինչպես նաև անցյալի կլիմայական փոփոխությունները։
Նշվում է, որ Դենման սառցադաշտը վերջին 20 տարում նահանջել է 5 կմ-ով։ Եթե այն ամբողջությամբ հալչի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 1,5 մետրով։ Հետազոտություններն օգնում են կանխատեսել նման փոփոխությունների հետևանքները մոլորակի ողջ կլիմայի համար։