Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաագայում, որտեղ նա մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Anadolu-ն։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի և նրա կնոջ կողմից Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող առաջնորդների և նրանց տիկնանց պատվին կազմակերպված ընթրիքից հետո։


Նախագահների միջև բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների ետևում։


Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ երկու երկրներն ունեն «մեծ ներուժ տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի և ներդրումների ոլորտում»։

Ըստ նրա՝ համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, կնպաստի 100 միլիարդ դոլարի ընդհանուր առևտրային ծավալի նպատակին հասնելուն։

Թուրքիայի նախագահը նաև ողջունել է Իսրայելի և Իրանի միջև Թրամփի ջանքերի շնորհիվ կնքված հրադադարը։

Էրդողանը մաղթել է, որ այն մշտական ​​լինի և ընդգծել է սերտ երկխոսության կարևորությունը՝ Ղազայում տեղի ունեցող մարդասիրական ողբերգության արագ ավարտի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման համար։

«Որպես ՆԱՏՕ-ի առաջատար դաշնակիցներ՝ երկու երկրների ղեկավարները ընդգծել են Դաշինքի զսպման ուժը ամրապնդելու հետագա քայլերի կարևորությունը», - գրում են թուրքական լրատվամիջոցները։