Ինչպես խոստացել էինք, շարունակում ենք ներկայացնել Գյումրիի քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումները: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու առթիվ քաղաքապետարանի տոնական հրավառությունը կազմակերպել է մրցույթը չշահած ընկերությունը: Ըստ մեր աղբյուրների, դա Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն պատկանող ընկերությունն է, որի հաշվին Գյումրու քաղաքապետարանից «գնացել» է շուրջ 8 մլն դրամ:

Մյուս չարաշահումը վերաբերում է մանկապարտեզներին մատակարարվող սննդին: Գյումրիում այս գործին լծվել էր քաղաքապետի մտերիմներից մեկին պատկանող ընկերությունը, սակայն այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ, թե սնունդը թանկ է եւ անորակ, մատակարարումը դադարեցվել է: Փոխարենը քաղաքապետարանը հատուկ հրահանգ է իջեցրել, թե որ խանութներից պետք է գնումներ անել:

Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում եւս ՎՊ-ն խնդիրներ է հայտնաբերել: Մասնավորապես, քաղաքային աղբանոց տանող ճանապարհի հարթեցումը անցյալ տարվա դեկտեմբերին իրականացվել է ոչ թե անվճար կամ «բարեգործական» հիմունքներով, ինչպես հանրությանն է ներկայացվել, այլ վճարովի: Քաղաքապետը այդ ծախսը «փակել է» բենզինով` փաստաթղթերով ցույց տալով, որ «պետական» նպատակներով 4 մլն դրամի բենզին է ծախսվել: Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, այս «գործարքն» իրականացվել է բնակկոմունալ բաժնի պետ Չուբար Զարգարյանին պատկանող ընկերության հետ»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):