ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Միացյալ Նահանգների հետ լարվածության սրման պայմաններում պետք է «լրջորեն մտահոգվի»։
«Նա պետք է շատ մտահոգվի։ Այո, արժե, որ անհանգստանա»,- NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը։
«Այդ երկիրը հիմա այնքան վատ վիճակում է մեր պատճառով։ Մենք ներխուժեցինք և ոչնչացրինք նրանց միջուկային ենթակառուցվածքները։ Եթե նրանց միջուկային զենքը չոչնչացնեինք, Մերձավոր Արևելքում խաղաղություն չէր լինի, քանի որ արաբական երկրները երբեք չէին կարողանա դա անել։ Նրանք շատ, շատ էին վախենում Իրանից։ Նրանք այլևս Իրանից չեն վախենում»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ իրեն տեղեկացրել են, որ Իրանը քննարկում է իր միջուկային ծրագիրը վերսկսելու հնարավորությունն այլընտրանքային վայրերում։ «Նրանք քննարկում էին երկրի մեկ այլ մասում նոր օբյեկտ կառուցելու հարցը։ Մենք իմացանք դրա մասին։ Ես ասացի. եթե դուք դա անեք, մենք ձեզ կվնասենք»,- ասել է Թրամփը։


