Հոկտեմբերի 4-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում 7 բնակիչներ վարակված են սիբիրախտ հիվանդությամբ:

Պարզվել է, որ համայնքում սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ Օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ: Պարզվել է մորթված կենդանիների տեղափոխման և օգտագործման վայրը, որտեղից ծառայության մասնագետները համայնքի բնակիչներից և Շիրակի մարզի Գյումրի քաղաքից առգրավել են վերոհիշյալ կենդանիների մսեղիքը՝ 50 կիլոգրամի չափով:

Այժմ Հարթագյուղ համայնքում ժամանակավորապես արգելվել է կենդանիների մորթը և տեղաշարժը: Այն տարածքները, որտեղ իրականացվել են կենդանիների հարկադիր մորթը, ախտահանվել է:

Հարթագյուղ համայնքում և հարակից Մեծ Պառնի, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքներում, ինչպես նաև նույն արոտավայրերից օգտվող Շիրակի մարզի Կամո, Հովիտ, Մուսայելյան համայնքների կենդանիներից կատարվել է արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:

Առգրավված մսեղենի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով մի քանի նմուշներում ախտորոշվել է սիբիրախտ հիվանդությունը: Հետազոտություններն այժմ էլ դեռ ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ: