«Ժամանակ» թերթը զրուցել է «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

Պարոն Բեգլարյան, Դուք՝ որպես գործարար, ինչպես եք վերաբերվում Հայաստանի անդամակցմանը ՄՄ-ին։

Ընդհանրապես, այդ փաստաթղթին մենքվերջնականապես ծանոթ չենք։ Մինչւ փաստաթուղթը չտեսնենք, կարծիք չենք կարող հայտնել։ Կարող եմ միայն ասել, որ մեր ոլորտի հետ կապված կարող են բարեփոխումներ կատարվել։ Խոսքը Ռուսաստանից ներկրվող դիզվառելիքի եւ բենզինի մասին է։

Ամեն դեպքում՝ դրական սպասումներ ունե՞ք Մաքսային միությունից։

Հուսով եմ։ Մաքսային միություն մտնելը ես ավելի շատ անվտանգության տեսանկյունից եմ նայում, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է։ Ավելին ասեմ՝ մեր հոգեկերտվածքը, մեր մտածելակերպը մի քիչ նման են իրար...

Պարոն Բեգլարյան, Մաքսային միությունից հետո ակտիվացավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի փոփոխության հարցը։ Հաշվի առնելով, որ Դուք մտերիմ հարաբերությունների մեջ եք վարչապետի հետ, կարո՞ղ եք ասել՝ սպասվո՞ւմ է Տիգրան Սարգսյանի պաշտոնանկություն։

Կարծում եմ` դա լրագրողների երեւակայությունն է։ Ես բիզնեսմեն եմ եւ իրավասու չեմ նման հարցերի պատասխանել։ Կան քաղաքական որոշումներ, երկրի նախագահ կա, քաղաքական մեծամասնություն կա, կոալիցիա կա։

Եթե դրվի վարչապետի պաշտոնանկության հարցը, կօգտագործե՞ք Ձեր կապերը նրան օգնելու համար։

Գիտեք ինչ կա, կապերը քաղաքական կատեգորիա չեն։ Եթե ես այս պահին որեւէ միտք ասեմ, դա կլինի անազնիվ։

Ձեր մտերիմ վարչապետի անունը շրջանառվում է նաեւ օֆշորային սկանդալի մեջ։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։ Փորձե՞լ եք նրանից պարզել իրականությունը։

Գիտեք ինչ կա, օֆշորում կամայական մարդ կարող է գրանցվել, հաշիվ ունենալ։ Իմ կարծիքով դա չափազանցված է, շահարկում է, եւ կարծում եմ՝ այստեղ վարչապետին վարկաբեկելու խնդիր կար...»,- մեջբերում է «Ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: