Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են ստացվել, որ 1988 թ. ծնված Մհեր Մ.-ն 2012 թ. դեկտեմբերի 24-ին Սովետաշենի ավտոշուկայում ծանոթացել է 1959 թ. ծնված Գագիկ Մ.-ի հետ, որն առաջարկել է գնել իր տիրապետման տակ գտնվող, սակայն 1980 թ. ծնված Տիգրան Պ.-ի անվամբ հաշվառված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Նույն օրը Գագիկ Մ.-ն և Տիգրան Պ.-ն, խաբեությամբ, գույք հափշտակելու դիտավորությամբ, պայմանավորվածություն են ձեռք բերել Մհեր Մ.-ի հետ՝ նշված ավտոմեքենան 4.500 դոլարով վաճառելու վերաբերյալ, և այն տրամադրել են նրան` կանխիկ ստանալով 1.000.000 դրամ:
Հաջորդ օրը Մհեր Մ.-ից ստացել են ևս 360.000 դրամ և պայմանավորվել ավտոմեքենան հաշվառումից հանելուց հետո վերահաշվարկ կատարել:
Ս/թ. մարտի 18-ին Գագիկ Մ.-ն և Տիգրան Պ.-ն նշված ավտոմեքենան հաշվառումից հանելու մասին կեղծ փաստաթուղթ են տրամադրել Մհեր Մ.-ին, իսկ վերջինս մարտի 20-ին նրանց է ուղարկել ընդհանուր գումարի մնացած մասը՝ 500.000 դրամ:
Գագիկ Մ.-ն և Տիգրան Պ.-ն խաբեությամբ Մհեր Մ.-ից հափշտակել են խոշոր չափերի հասնող 1.860.000 դրամ:
Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: