Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով կառավարության որոշմամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 60 մլն դրամ: Անդրադառնալով հարցին` վարչապետն ասել է. «Փաստորեն մենք առաջին անգամ ներդնում ենք այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալու խթանել բուհերի մրցակցությունը: Երկու տարի հետո մասնավոր ընկերությունները նույնպես հնարավորություն կունենան մասնակցել գնահատմանը: Նախարարությունը պետք է վերահսկի, որ գործընթացն օբյեկտիվ լինի. մեծ աժիոտաժ է լինելու: Հիմա պետք է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին: Այդ բարեփոխմանը ևս մենք պետք է անդրադառնանք»:
Հաջորդ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է ավելի քան 137 մլն դրամ, որից ավելի քան 107 միլիոնը` «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» մասնաճյուղն անհրաժեշտ գույքով ու սարքավորումով ապահովելու, 30 միլիոնը` «Աուտիզմի ազգային հիմնադրամին» ամրացված մասնաշենքի նորոգման նպատակով:
Նախարարությանը հատկացված ևս մոտ 51 մլն դրամի մոտ 31 միլիոնն ուղղվելու է «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի նորոգմանը, 10 մլն դրամը` Երևանի Գ. Մարգարյանի անվան N 94, 10 մլն դրամը` Երևանի Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոցների շենքերի տանիքների նորոգմանը:
Հաջորդ որոշմամբ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 70 մլն դրամ` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Նշված գումարից 10 մլն դրամը նախատեսված է սիրիահայ երիտասարդների ուսման վարձը վճարելու համար: Հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարը տեղեկացրել է, որ պետության նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրերով մեր երկրում կրթություն է ստանում շուրջ 10 հազար երիտասարդ: