Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի գնահատմամբ` Մաքսային միությանը միանալը հնարավորություն կտա հարկային լուրջ և արդար քաղաքականություն իրականացնել: «Այդ բեռը չի ընկնի փոքր և միջին բիզնեսի վրա, որոնք ավելի անպաշտպան են: Ես կարծում եմ, որ ավել հավաքված 92 մլրդ դրամը կլուծի կառավարության առջև դրված խնդիրները»,- գնահատեց Սաֆարյանը:

Նրա կարծիքով` սոցիալական ուղղվածության բյուջեն չի կրճատի գործազրկության մակարդակը, բավարար քաղաքականություն չի տարվի` արտագաղթը կասեցնելու ուղղությամբ, և դրանց միակ փրկությունը եղել և մնում է արդյունաբերության զարգացումը, ինչը մասայական աշխատատեղեր կապահովի, նաև ֆիքսված հարկեր կգան բյուջե:

«Մաքսային միությանն անդամագրվելով` մենք համատնտեսական օրենքներ ենք ընդունելու և հարկման դաշտում, և մաքսային քաղաքականությունում: Մեզանում արդեն նոր մոտեցումներ կդրսևորվեն: Սա չի նշանակում, որ հարկերը Մոսկվայից են գալու, քանի որ լինելու է համատնտեսական, միասնական օրենքներ: Մենք 60-ից ավելի օրենքներում փոփոխություններ պետք է մտցնենք»,- ասաց Սաֆարյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչու նա հանկարծ փոխեց իր հայացքները` Սաֆարյանը պատասխանեց, որ փոխվել են ժամանակները, և առաջ է եկել ՄՄ-ն:
«Կյանքը զարգացման դինամիկայի մեջ է: Մի՞թե դուք չեք նկատել, որ 10 տարի առաջ մեկ էր, հիմա մեկ է: Այն ժամանակները կապիտալի նախաստեղծման կուտակման վայրի ժամանակներն անցել են: Եկել է ժամանակը սոցիալական համերաշխություն դրսևորելու և այլ մարդկանց հարկային դաշտ բերելու համար»,- դիտարկեց Սաֆարյանը:

Սաֆարյանը համոզված է նաև, որ Մաքսային միությանն անցնելով` կիջնի գազի սակագինը:

«Գազի գինը կիջնի 30 տոկոսով: Քանի որ արդեն հայտարարել ենք, որ Մաքսային միություն ենք մտնում, այսօրվանից էլ ուզում ենք օգտվել այն արտոնություններից, որոնք կարող են լինել: Իհարկե որոշ ապրանքատեսակներ, այդ թվում` շաքարը կարող է թանկանալ և այլն, բայց դրանք բերելու են նաև այնպիսի մի հետադարձ կապի, որը մենք ստիպված լինենք աշխատեցնել մեր շաքարի գործարանը, որ թե Բրազիլիայից և Հնդկաստանից բերվի հումքը և այստեղ մշակի, այլ տեղի ճակնդեղը օգտագործի: Եվ այն բոլոր ծախսերը, որոնք կարող են մաքսատուրքի ձևով գալ, կտրվի գյուղացիներին, որպեսզի ծախսեն ոռոգման նպատակով»,- հավելեց Սաֆարյանը:

Նա նաև հավելեց, որ այդ կերպ շաքարը կունենանք տեղում, ոչ թե կներկրենք: Այդպես նաև հացահատիկը: «Մենք հացամթերք ենք ներմուծում, ինչու՞: Հայաստանում հնարավոր չի՞: Մենք ունենք 446 հազար հա հողատարածք, որի 34 տոկոսը չի մշակվում, հենց այնտեղ էլ հացահատիկ կցանվի»,- նշեց նա:

ՄՄ-ին միանալով, ինչպես հավաստեց Սաֆարյանը, հնարավոր կլինի անասնագլուխների բազմացում կատարել, որից էլ խնդիրներ չեն լինի մսամթերք ներմուծելու հարցում: