Մոսկվայի հարավում գտնվող Արևմտյան Բիրյուլովո շրջանի բնակիչները կիրակի օրը հավաքվել են պահանջելու այստեղ հինգշաբթի օրը տեղի ունեցած սպանության արագ հետաքննություն, ինչպես նաև տեղի բանջարեղային կենտրոնի փակում և էմիգրացիոն քաղաքականության խստացում: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: 
Հինգշաբթի երեկոյան Արևմտյան Բիրյուլովոյում անհայտ անձնավորություն դանակով սպանել է երիտասարդ Եգոր Շերբակովին վերջինիս ընկերուհու աչքերի առաջ: Տեսահսկման տեսախցիկները ցույց են տալիս, որ մարդասպանը ունեցել է ոչ սլավոնական արտաքին:
Շրջանի շուրջ 40 բնակիչ դուրս էին եկել փողոցներ դեռևս շաբաթ երեկոյան և տեղի ոստիկանական բաժանմունքի մոտ պահանջում էին գտնել երիտասարդի սպանողին,սակայն ոստիկանությանը հաջողվել է ցրել նրանց:

Արևմտյան Բիրյուլյովի բնակիչները ծրագրել են քաղաքացիների հանրահավաք: Ընդ որում ոստիկանությունը նախապես զգուշացրել է, որ հասարակական կարգի յուրաքանչյուր խախտում կպատժվի օրենքի համաձայն:
Հանրահավաքի սկզբում սպանության վայրում հավաքվել էին մի քանի տասնյակ բնակիչ, սակայն շուտով նրանց թիվը հասավ 300-350 մարդու:

Հանրահավաքի որոշ մասնակիցներ սկսել են խախտել հասարակական կարգը և կոտրել են մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնի ապակիները, ինչի պատճառով ոստիկանությունը ձերբակալել է յոթ մարդու և քրեական գործ հարուցել խուլիգանություն հոդվածով:
Ձերբակալությունից հետո հավաքվածները սկսել են պահանջներ ներկայացնել ազատ արձակելու երիտասարդներին և սկսել են ոստիկանների ուղղությամբ նետել շշեր և աղբարկղներ: Հարձակման արդյունքում հինգ ոստիկանության աշխատակից է հոսպիտալացվել:
Երկու ժամ հետո հայտնի է դարձել,որ ոստիկանությունը հասարակական կարգի խախտման համար Մոսկվայի հարավում ձերբակալել է 380 մարդու: