ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի ոստիկանությունը օրերս ձերբակալել է 48 ամյա Մարկ Քնափին և 33 տարեկան Էլիզաբեթ Փեսթերին, ովքեր մեղադրվում են երեխայի նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ: Նրանք ամբողջ ժամանակը անցկացրել են Second Life խաղում՝ մոռանալով հոգ տանել իրենց աղջկա մասին և բավարարել նրա ամենատարրական պահանջները:
Հետաքննությունը ցույց է տվել, որ Մարկը և Էլիզաբեթը փաստացիորեն կտրվել են իրական կյանքից, իրենց ամբողջ ժամանակը անցկացնելով Second Life-ի վիտուալ աշխարհում: Նրանք այնտեղ աշխատել են, այնտեղ հանգստացել և շփվել: Քննիչները նշում են, որ Մարկը և Էլիզաբեթը պարբերաբար սոցցանցերում գրել են իրենց աղջկա խնդիրների մասին, սակայն կարծես միայն դրանով էլ սահմանափակվել է նրանց դաստիարակությունը:
Առաջին անգամ Ամերիկայի խնամակալության մարմինները ուշադրություն են դարձրել այս ամուսնական զույգին դեռևս 2012 թվականի հունիսին, երբ սոցիալական ծառայության աշխատակիցները նրանցից որոշ ժամանակով վերցրել են թույլ առողջությամբ և չափազանց նիհարած աղջկան: Որոշ ժամանակ անց երեխային վերադարձրել են ծնողներին պայմանով, որ վերջինիս պարբերաբար ցույց են տալու բժիշկներին: Այն բանից հետո, երբ Մարկը և Էլիզաբեթը սկսել են պարբերաբար բաց թողնել բժիշկների մոտ այցելությունները, գործի մեջ ներգրավվել է ոստիկանությունը:
Երբ անցյալ տարվա աշնանը ոստիկանները եկել են նշված հասցեով, հայտնաբերել են զույգին սովորության համաձայն Second Life խաղով զբաղված: Ընդ որում՝ Մայքը հանգիստ կերպով հայտնել է ոստիկաններին, որ նրանք կարող են հեռանալ, քանի որ իրենց աղջիկը արդեն մահացել է: Այնուամենայնիվ հետախուզության ժամանակ աղջիկը հայտնաբերվել է, թեկուզև շատ վատ առողջական վիճակով: Երկու տարեկան աղջիկը կշռել է ընդամենը վեց կիլոգրամ, որը սովորականից երկու անգամ ավելի քիչ է: Նա չի կարողացել քայլել և չի կարողացել խոսալ: Երեխային կրկին վերցրել են խնամակալ մարմինները, իսկ ծնողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Թե ինչ պատիժ կկրեն ծնողները, դեռևս հայտնի չէ: