«Նախախորհրդարանի» քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այս անգամ վնասել են նրա անձնական օգտագործման մյուս ավտոմեքենան, որը կայանած է եղել նրա բնակության շենքի բակում: Հիշեցնում ենք, որ երկու օր առաջ` ս.թ. հոկտեմբերի 15-ին, չարագործները վնասել էին նրա մեկ այլ ավտոմեքենայի անվադողերը:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի, որ այս անգամ եւս նրա գույքին վնաս հասցնողները Սամվել Ալեքսանյանի շրջանակի մարդիկ են: Ավելին`երեւույթն արդեն ուրվագծվում է որպես Կարո Եղնուկյանի եւ նրա ընտանիքի դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունների շարք:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի նաեւ, որ այս ամենը կատարվում է պետական կառավարման համակարգի` ի դեմս դատախազության եւ ոստիկանության, անմիջական հովանավորությամբ եւ ուղղորդմամբ: Այդ մասին են վկայում Կարո Եղնուկյանի հանդեպ Սամվել Ալեքսանյանի շրջանակի կողմից շաբաթներ շարունակ անարգել կերպով ատելություն ու թշնամանք հրահրելու եւ սերմանելու գործողությունները, ապա նաեւ` դրանց իրագործմանն ուղղված սպառնալիքներն ու նրա գույքը վնասելու քայլերը, ինչպես նաեւ դրանց նկատմամբ դատախազության եւ ոստիկանության հանցավոր անտարբերությունն ու անգործությունը, որը դրսեւորվում է նաեւ Կարո Եղնուկյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը անհեթեթ հիմնավորումներով մերժմամբ:

Որպես ասվածի ավելի ընդհանրական ապացույցներ են իրավապահ մարմինների հանցավոր անգործությունը կառուցապատողի կողմից հանրապետական նշանակության հուշարձան Փակ շուկան վնասելու եւ ապօրինի շինարարություն կատարելու ակնհայտ փաստերն անտեսելու ու օրենքով սահմանված համապատասխան քայլեր չձեռնարկելու, ինչպես նաեւ կառուցապատողի հանցավոր արարքներն ամեն կերպ արդարացնելուն ուղղված նրանց գործողությունները:

Համակարգի այսպիսի վարքը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Փակ շուկայի ազատագրումը միայն մշակութային ժառանգության կամ օրենքն ու պետականությունն անտեսող օլիգարխի ձեռքը բռնելու պայքար չէ: Այն ի սկզբանե եղել եւ օրըստօրե ավելի ու ավելի է ուրվագծվում ու հասունանում որպես մեր երկիրը եւ ժողովրդին կեղեքող համակարգը փոխելու, ազգի ու պետության լինելության համար մղվող ազգային-ազատագրական պայքարի կարեւոր մաս եւ յուրօրինակ մոդել:

Ուստի մենք պարտավոր ենք հաղթանակով ավարտել Փակ շուկայի համար մղվող պայքարը: Այդ պատճառով Նախախորհրդարանի քարտուղարությունը բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում համախմբվել Փակ շուկան ազատագրելու պայքարի մեջ»: