Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ փորձագետներ, ՀԿ-ների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության ներկայացուցիչներ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնական զեկույցում նշել է, որ օրինագծի ընդունումը նպատակ ունի կանանց եւ տղամարդկանց վերաբերյալ օրենքով ամրագրված ձեւակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից եւ տարընթերցումներից: Նախարարն ասաց, որ չնայած այն հանգամանքին, որը գործող օրենքը, ընդունվել է 2013 թ. մայիսի 20-ին եւ սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները, վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հասկացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկնաբանությունները հասարակության կողմից օրենքի քննադատության պատճառ են դարձել:

Հարկ է նշել, որ միջազգային հիմնական փաստաթուղթը` «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (ընդունվել է 1993թ.), ըստ որի պետությունը ստանձնել է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ պարտավորություններ, կոչ է անում մասնակից պետություններին դատապարտել կանանց նկատմամբ խտրականությունը բոլոր ձեւերով եւ համապատասխան բոլոր միջոցներով` ներառյալ օրենսդրական միջոցները, վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն: Վերոհիշյալ փաստաթղթում «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» եզրույթները գործածված չեն:

Նախագծով առաջարկվում է գործող օրենքի 3-րդ՝ հասկացություններին վերաբերող հոդվածի 1-ին մասի՝ «գենդեր» եզրույթի սահմանմանը վերաբերող 1-ին, 11-րդ եւ 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով:

Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները եւ ոլորտի պատասխանատուները անդրադարձան օրինագծի վիճահարույց կետերին, ներկայացրել են առաջարկներ եւ դիտողություններ: Որոշվել է հարցի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարի՝ խնդիրը համակողմանի ուսումնասիրելու եւ քննարկումների արդյունքում խնդրահարույց դրույթները շտկելու նպատակով: