«Երեկվա համարում «Ժողովուրդ» օրաթերթը նկարագրել էր, թե ինչ իրավիճակ է տիրում «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում, որտեղ մարդիկ իրենց հարազատ բանտարկյալների համար սննդամթերք են բերում։ «Ժողովուրդ»–ի հարցին, թե նախորդ՝2012թ. տվյալներով պետական բյուջեից դատապարտյալների սննդի համար որքան գումար է հատկացվել, ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխանեցին՝ 1 մլրդ 3 մլն 920.500 ՀՀ դրամ։ ՔԿՀՎ մամլո խոսնակը տեղեկացրեց, որ 1 բանտարկյալի սննդի համար օրական ծախսվում է 501 դրամ։

Իսկ քանի՞ դատապարտյալ է եղել ՔԿՀ-ներում 2012-ին։ Այս մասին կոնկրետ տվյալ չկա ՔԿՀՎ-ում։ Սակայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն այս տարվա օգոստոսի 7-ին հայտարարել էր, որ հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում կա 4780 դատապարտյալ, որը 92-ով ավելի է, քան 2012-ին։ Քանի որ բանտարկյալները մշտապես «նստում» ու «դուրս» են գալիս, ուստի «Ժողովուրդ»–ը կատարեց մոտավոր հաշվարկ։ Դիցուք՝ ՀՀ-ում 2012-ին եղել է 4700 դատապարտյալ (ավել ենք հաշվում), նշանակում է՝նրանց վրա տարեկան ծախսվել է 859 մլն 465.500 դրամ։ Սակայն ՀՀ ԱՆ-ն միայն բանտարկյալների սննդի համար ՔԿՀ-ներին տրամադրել է 1 մլրդ 3 մլն 920.500 դրամ։ Իսկ ի՞նչ է եղել պետբյուջեից ստացված 144 մլն 455.000 դրամը, որը «դուրս է գրվել» բանտարկյալների սննդամթերքի «անվան տակ»։ Բայց սա միակ հարցը չէ։ Ամենայն հավանականությամբ, անգամ այս ներկայացված գումարներն ամբողջությամբ չեն ծախսվել դատապարտյալների վրա, քանի որ, ինչպես նկարագրել էինք, բանտարկյալների մեծ մասը սնվում է տանից բերված ուտելիքներով՝ հույսը չդնելով կալանավայրի սննդի վրա։ Իսկ ո՞ւր են գնում չծախսված գումարները»–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: