Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է այն խոսակցությունները, որոնց համաձայն պաշտոնից հեռանալուց հետո նա շարունակելու է կառավարել երկիրը: Ինչպես հայտարարել է Իվանիշվիլին France-Presse-ին տված հարցազրույցի ժամանակ նա դրա մեջ տրամաբանություն չի տեսնում:
«Ես չեմ տեսնում տրամաբանություն հետնաբեմից երկիրը կառավարելու մեջ»,- նշել է վարչապետը:
Ֆրանսիական տեղեկատվական գործակալության հետ զրույցի ժամանակ Իվանիշվիլին նաև հայտնել է, որ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական դիակ է և նախագահական ժամկետի ավարտից հետո նա ամենայն հավանականությամբ կգանգնի դատարանի առաջ:
«Սաակաշվիլին քաղաքական դիակ է: Նա երբեք Վրաստանում քաղաքական կարիերա չի ունենա: Իմ կարծիքով Սաակաշվիլին պետք է պատասխան տա շատ հարցերի և հենց այդ պատճառով մեծ հավանականություն կա, որ նա հարցաքննության կենթարկվի»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին France-Presse գործակալությանը: Նրա խոսքերով դատախազները որոշում կընդունեն հետաքննության հիման վրա և այն քաղաքական դրդապատճառ չի ունենա:
Բիձինա Իվանիշվիլին ֆրանսիական տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ կրկին անգամ հաստատել է, որ նա կլքի իր զբաղեցրած պաշտոնը մոտակա ժամանակները նախագահական ընտրությունների ավարտից հետո:
«Երդումնակալությունից մեկ շաբաթ անց ես հրաժարական կտամ և կլքեմ վարչապետի պաշտոնը մինչև նոյեմբերի 24-ը»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանի վարչապետը նաև նշել է, որ ըստ իր ենթադրության Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակ կտանի նախագահական ընտրություններում հենց առաջին փուլում: