ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, որը «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերերից է, վստահեցնում է, որ ԲՀԿ առաջնորդ, «Կոտայք» գարեջրի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ ընկերական հարաբերություններ ունի:

«Ամեն մեկս շուկայում ունենք մեր տեղը և երբեք շուկայի հետ կապված անձնական խնդիրներ չենք ունեցել»,- YerevanNews.am-ին տված հարցազրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

-ԱԺ այս քառորյայում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվելու է: Իսկապե՞ս պաշտոնյաներն աշխատավարձի բարձրացման կարիք ունեն:

-Իհարկե պետական պաշտոնյաների աշխատավարձը պետք է բարձրացվի: Կարծում եմ, որ ոչ միայն պետական պաշտոնյաների, այլ բոլորի աշխատավարձերը պետք է բարձրացվեն, պետք է բարձրացվեն թոշակները, կրթաթոշակները, որովհետև վերջին հաշվով մենք ցանկանում ենք դառնալ նորմալ երկիր, իսկ նորմալ երկրում պետք է մարդիկ նորմալ աշխատավարձ ստանան:
Իհարկե ցանկալի կլիներ, որ բոլորինը միասին բարձրանար, սակայն մենք պետք է հաշվի առնենք մեր ֆինանսական հնարավորությունը: Նախագահն իր քարոզարշավի ժամանակ էլ մատնանշել է, որ աշխատավարձերը բարձրանալու են, իսկ նախագահի ասածները մեկին մեկ կատարվում են:

-Պատգամավորներն իսկապես աշխատավարձի բարձրացման կարիք ունե՞ն: Օրինակ` Ձեր աշխատավարձը ձեզ բավականացնու՞մ է:

-Իհարկե` ոչ: Քանի որ ես ունեմ սեփական բիզնեսներ, որոնք պատգամավոր ընտրվելուց հետո հանձնել եմ հավատարմագրային կառավարման, այսինքն` օրենքը չեմ խախտել, այնտեղից ստանում եմ դիվիդենտներ, այնտեղի ստացածն ինձ բավարարում է: Սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ բոլորն ունեն բիզնեսներ: Հիմա ինչ` ովքեր բիզնես չունեն, նրանցը չբարձրացնե՞ն: Իհարկե եթե ես ապրեմ այդ 250 հազարով, ինձ չի բավականացնի:

-Բայց գրեթե բոլոր պատգամավորներն էլ ունեն բիզնեսներ, բացառություն են կազմում, թերևս, ընդդիմադիր պատգամավորները:

-Ոչ, ես համամիտ չեմ: Շատ ու շատ իշխանական պատգամավորներ էլ բիզնես չունեն: Հետո մի մտածեք, որ այդ բիզնեսներում այնքան շահույթներ կա, որ մարդիկ չգիտեն` ինչ անեն այդ գումարները: Այսօր մեծ գումարներ ոչ ոքի մոտ չկա: Բիզնեսները ստեղծել ենք, մի կերպ կարողանում ենք պահել, մեծ շահույթ չկա:

-Որպես գործարար գո՞հ եք արդյոք կառավարության` բիզնեսին ուղղված քաղաքականությունից:

-Ես չեմ ասում, որ վարչապետը չի խրախուսում բիզնեսին: Եթե ասում է` ուրեմն երևի թե խրախուսում է, բայց գնալով դժվարանում է ամեն ինչ: Գները թանկանում են, ինչի հետ վարչապետը կապ չունի, ճանապարհածախսը թանկանում է, հոսանքն ու գազը թանկացավ և այդպես շարունակ... մեծ խնդիրներ կան: Այսօր պետք է բիզնեսմեններին բամբակի մեջ պահել, որովհետև բոլորը պետք է հասկանան, որ այս երկիրը բիզնեսմենն է պահում: Իսկ դուք թուրը վերցրել եք ձեր ձեռքն ու ցանկանում եք գլխատել բիզնեսին: Չեք հասկանում, որ նստել եք ճյուղի վրա ու այն կտրում եք, երբ կտրեցիք, դուք էլ եք ընկնելու:

-Մաքսային միությանն անդամակցումը Հայաստանին ավելի շատ օգու՞տ, թե՞ վնաս կտա:

-Քանի որ ՄՄ-ի անդամակցումը դեռևս նախապատրաստական փուլում է, չեմ կարող ասել: Այսօր ռուսական շուկան շատ մեծ է, և եթե մենք մեզ ճիշտ պահենք, մեր բիզնեսը կօգտվի: Այսօր տեսեք` ինչ է կատարվում Ուկրաինայի, Մոլդովայի հետ: Պատկերացրեք, որ այդ ամենը մեզ հետ կատարվի: Այսօր մեծ քանակությամբ գարեջուր ենք արտահանում, ռուսական շուկա կոնյակ: Եթե մեզ հետ վարվեն այնպես, ինչպես իրենց հետ են վարվում, պատկերացնու՞մ եք ինչ ցնցումների մեջ կլինենք: