Ինչպես արդեն հայտնել էին, ԱԺ-ում շարունակվող պետբյուջեի քննարկմանը մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ում իր մի քանի հարցերն ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մնացած հարցերը ներկայացնում ենք հարց և պտասխանի տեսքով:

Փաշինյան- Վերջին շրջանում շատ հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ ասֆալտապատման աշխատանքների հետ կապված շատ մարդիկ մնում են խցանումների մեջ: Ես շատ կարևորում եմ այս հարցը և ես էլ եմ այս իրավիճակում հայտնվել, և տեսել եմ, երբ բոլորը մեկ ժամ, ժամ ու կես կռացած են մնում այդ հանրահայտ երթուղային տաքսիների մեջ: Ինչու՞ այդ բյուջեները խելամտորեն չեն օգտագործում: Եթե քաղաքային իշխանությունը կարողանար խելամտորեն հաշվարկել, կհասկանար ուղևորափոխադրումների հոսքը: Թե ուղղակի ուզում եք, որ բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում:

Արեյան - Այս տարի մայրաքաղաքում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել: Շուրջ 30 փողոցի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել , ինչը ենթադում էր աշխատանքների կատարման ծավալ և ծանրաբեռնվածություն մայրաքաղաքում: Մեր կողմից արվել է առավելագույնը՝ առանց ավելորդ անհարմարություններ ստեղծելու մեր քաղաքացիների համար: Առավելապես փորձել ենք օգտագործել գիշերային ժամերը, շաբաթ և կիրակի օրերը: Իրոք , մայրաքաղաքի առանձին հատվածների բնակիչների կողմից դժգոհություններ եղել են:

Փաշինյան- Արդեն 14 տարի է և ընդամենը երկու օր առաջ նշեցինք հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցը և արդեն տասնչորդ տարի հայտարարված է Կարեն Դեմիրճյանի արձանի մասին, որ պետք է տեղադրվի, բայց նորություն չկա: Ինչու՞ Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրումը չի իրականանում: Էդ ինչ բարդ բան է, որ այս ընթացքում հասցրել եք մի քանի պրոյեկտներ իրականացնել, բայց էդ ոչ մեծ պրոյեկտը չեք կարողանում իրականացնել: Արդյո՞ք այդտեղ քաղաքական ենթատեքստ կա:

Արեյան - Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման հարցում Երևանի քաղաքապետարանը բացի ընդառաջելուց, որևէ խոչընդոտ, բյուրոկրատական քաշքշուկ չի ստեղծել: Ցանկացած պահի, երբ պատրաստ կլինի արձանը՝ համապատասխան հեղինակի կողմից, քաղաքապետարանը բոլոր աշխատանքները կիրականացնի առավել արագ տեղադրելու այն համապատասխան տեղում:

Փաշինյան- Հաշվարկել եք արդյո՞ք, թե քանի մարդ է գործազուրկ դարձել Երևանի կանգառում ավտոկանգառների կարգի փոփոխման հետ կապված:

Արեյան- Բազմիցս հայտարարվել է, որ նրանց գերակշիռ մասը եղել է ապօրինի գործողության հեղինակ մարդիկ, օրենքով արգելված գործողություն իրականացնողներ, ինչի փորձերը մինչև հիմա էլ կա: Այնուամենայնիվ, չի եղել գրանցված զբաղվածություն, չի եղել օրենքով թույլատրված աշխատանք, որ հետո էլ ամրագրվեր որպես գործազրկություն և գրանցվեր շուկայում: