«Օրենքով գող» Արա Մուրադյանն այն ֆիգուրան չի քրեական աշխարհում, ում մասին կարելի է անվերջ խոսել, սակայն նրա սպանությունը կարևորվում է նրանով, որ օրենքով գող է կարգվել 2012 թվականի դեկտեմբերին Աբուդաբիում` Դեդ Հասանի կողմից: Նա այն 20 գողերից մեկն է եղել, ում Դեդ Հասանը օրենքով գող կարգեց շտապ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը, ում խոսքերով Մուրադյանը հետաքրքիր է նրանով, որ Կրասնոդարի կրայը «նայողի» դերում էր, իսկ այնտեղ շուտով Սոչիի օլիմպիական խաղերն են լինելու:

«Սոչիի հարցով կարևոր ֆիգուր էր, սակայն այնքան էլ քննարկման արժանի չէ»,- հավելեց քրեագետը


Անդրադառնալով Շաքրո Մալադոյի ազատման հետաձգմանը` Գալոյանը նշեց, որ ժամկետը Իսպանիայում հոկտեմբերի 12-ին լրացել է, բայց գործընթացը ձգձգվում է:

««Պզո» մականունով Արմեն Ղազարյանը ազատվելուց առաջ պետք է Իսպանիայում 2 առանձնատուն հանձնի, 400 հազար դոլար տույժ մուծի, որից հետո միայն կարող է ազատ արձակվել: Նույն կարգը կատարվելու է նաև Շաքրոյի դեպքում: Նրա ազատվելը ժամանակի խնդիր է: Շաքրո Մալադոյի գալուց հետո կամ քրեական աշխարհում պայքարը կհասնի վերջնակետին, կամ մեկն ու մեկը կավիրվի»,- ասաց Սերգեյ Գալոյանը:
Գրողի դիտարկմամբ, Ռուսաստանում կրիմինալի միջև պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Շաքրո Մալադոյը ազատ չի արձակվել եւ իրավապահները չեն լուծել իրենց հարցը:

«Իրենց հարցը մեկի ձեռքով մյուսի հարցը լուծելն է: Երկու կլան իրար դեմ են դուրս եկել եւ իրենք աշխատում են չերեւալ: Իրենց համար մեկ է, թե ով կմնա: Կարևորը այն է, որ կլաններից մեկը գլխովին ջախջախվի: ԱՄՆ-ում էլ է այդպես եղել ժամանակին՝ նախորդ դարի 30-ական թվականներին, Ռուսաստանում էլ է եղել, հիմա էլ կա»,- նշեց Սերգեյ Գալոյանը: