«Ճի՞շտ է, որ դա եղել է ոչ թե Ձեր, այլ Սերժ Սարգսյանի իդեան, հարցրինք Գառնիկ Իսագուլյանին՝ երեք նախագահներին մեկ սեղանի շուրջ քննարկումների հավաքելու հայտնի մտահղացման մասին։ «Իդեան բացարձակապես իմն է, այլ հարց է, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը գործընթացին դեմ չէ, իմ նպատակն է, որ հայ ժողովուրդը վերջապես կարողանա միասնական լինել, և ցանկալի կլինի, որ այդ հանդիպման կազմակերպիչը լինի Սերժ Սարգսյանը, բայց երկրորդում եմ՝ իդեան իմն է»,– ասաց նա։ Իսկ ճի՞շտ է, որ Դուք հանդիպել էիք երեք նախագահների մամլո խոսնակների հետ և ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Հանդիպումներ եղել են, սակայն ինչպիսիք՝ չեմ կարող ասել, ինչ պայմանավորվածություններ են եղել՝ նույնպես չեմ կարող ասել

Մեզ հայտնի է, որ հանդիպումը, որպես այդպիսին, տեղի չի ունենա, որովհետև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն սկզբունքորեն դեմ չէ, սակայն ունի պայման. հանդիպման ընթացքում պետք է քննարկվի նաև 2018-ից հետո չորրորդ նախագահի թեկնածության հարցը, ով, ըստ նրա, պետք է լինի բոլորովին նոր մարդ, ինչի մասին ասել էր նաև իր հայտարարության մեջ՝ բացառելով իր և Քոչարյանի թեկնածությունները։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, վերջինս երկկողմանի հանդիպման ֆորմատն է նախընտրում՝ նկատի ունենալով իրեն ու Սերժ Սարգսյանին, բայց ոչ երբեք Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև ապագայի մասին ինքն էլ ունի իր «տեսլականը», այդ պատճառով էլ «երեքի» հանդիպում տեղի չի ունենա։ «Այդպես չէ. նախ՝ միանշանակ չէ, որ հանդիպումը տեղի չի ունենա, բանակցությունները դեռ շարունակվում են, և ապա՝ մեկնաբանությունները, որ դուք տվեցիք, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը»,– նկատեց Գառնիկ Իսագուլյանը»»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։