Թեհրանի և Իրանական միջուկային զենքի միջազգային միջնորդ «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) միջև բանակցությունները դուրս են եկել նախարարական մակարդակի: Երկու օր տևած կողմերի միջև բանակցությունների արդյունքում կողմերը հասել են այնպիսի «զգայուն հարցերի», որոնք պահանջել են ԱԳ գերատեսչությունների ղեկավարների ներկայություն: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը:

Ինչպես պարզաբանել է ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Ռյաբկովը մասնակիցներից ոչ մեկ այլևս չի ցանկանում վերադառնալ տուն առանց հստակ արդյունքների: Ինչպես սպասվում է այդ արդյունքը կարող է գրանցվել արդեն այսօր, քանի որ սպասվում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և չինական մեծ պատվիրակության ժամանումը Ժնև:

Հիշեցնենք, որ բանակցությունները սկսվել էին հինգշաբթի օրը, երբ կողմերը անց էին կացրել լիագումար նիստ, որտեղ մասնակցություն էին ունեցել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը և «վեցնյակի» կորդինատոր ԵՄ` արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Ճաշից հետո Իրանի ներկայացուցիչները երկկողմանի հանդիպումներ են ունեցել ԵՄ, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Ուրբաթ առավոտյան ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ և «վեցնյակի» ու Իրանի միջև բանակցությունների մամլո-քարտուղար Մայքլ Մաննը հայտարարել է, որ միջազգային բանակցողների կոորդինատոր Քեթրին Էշթոնը Ժնև է հրավիրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին: Մի քանի ժամ անց պարզվեց, որ գործընկերներին է միանալու նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը և Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն:

Եթե կողմերին հաջողվի հստակ արդյունքի հասնել, ապա դա կլինի իսկապես պատմական իրադարձություն: Միայն Քերիի այցը Ժնևի բանակցություններին նշան է այն բանի, որ Վաշինգթոնը և Թեհրանը կարող են համաձայնության գալ միջուկային հարցում, որը առաջինը կլինի պետությունների միջև 35 տարվա ընթացքում: