Արարատի մարզում արդեն սկսվել են ձկնաբուծարանների ապօրինի խորքային հորերի լուծարման աշխատանքները:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

«Այս պահին գնում է ապօրինի խորքային հորերի լուծարման աշխատանք, փակվում են հետևյալ ընկերություններում՝ «Ալեքս Գրիգ», «Մխչյան ֆիշ», «էնի ֆիշ», «էկո ֆիշ» եղած ապօրինի խորքային հորերը»,-իր խոսքում նշեց Արմեն Վարդանյանը:

Վերջինս հայտնեց, որ նրանք ունեն մի քանի հորեր, որոնցից կարող են մի քանիսը լինեն ապօրինի:

«Այս ընկերություններում գնում է ապօրինի խորքային հորերի լուծարման աշխատանքները: Ամեն հորի փակման համար առնվազն մեկ շաբաթվա աշխատանք է պահանջվում»,-նշեց Արմեն Վարդանյանը:

Նշենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ն՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Վերջին ընկերությունը նաև Հայաստան ձկան կեր ներկրող ամենախոշոր տնտեսվարող սուբյեկտներից մեկն է: «Սագատի Ֆիշ» և «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ները գրավում են ՀՀ-ում ձկան կերի շուկայի 80%-ը:

«էկո ֆիշ» ընկերությունն էլ պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: