Արգենտինայում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել արտասովոր ամուսնություն: Հղի փեսացուն, որը ծնվել է որպես աղջիկ, սակայն այժմ իրեն տղամարդ է համարում, ամուսնացել է իր սիրեկանի հետ, որը իրեն հերթին ծնվել է տղա, սակայն իրեն կին է համարում:
Սա առաջին դեպքն է եղել Արգենտինայում, որտեղ ամուսնանում է հղի փեսան: Այս մասին հայտնում է Agence France Presse-ն: 2010 թվականին Արգենտինան դարձել է նույնասեռական ամուսնությունները թույլատրող առաջին լատինաամերիկյան պետությունը: Երկու տարի անց երկրի կառավարությունը ընդունել է օրենք, որը թույլ է տալիս տրանսսեքսուալներին ստանալ ինքնության քարտ, որտեղ կարող են նշել իրենց նախընտրած սեռը:
28 տարեկան Կարեն Բրուսելարիոն ծանոթացել է ապագա ամուսնու 26 տարեկան Ալեքսիս Թամբորդայի հետ Բուենոս Այրեսում: Նրանք երկուսն էլ նույնասեռականների իրավունքների համար պայքարող ակտիվիստներ են: Հենց այդ գործունեության միջոցով էլ նրանք ծանոթացել են: Արդյունքում այդ ծանոթությունը վերածվել է ամուսնության, որն էլ անց է կացվել Վիկտորիա քաղաքում:
Այս ամուսնության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ չնայած հարսն ու փեսան իրենց այլ սեռի ներկայացուցիչներ են համարում, սակայն նրանցից ոչ մեկ վիրահատության չի ենթարկվել: Այսինքն կենսաբանորեն փեսացուն պահպանել է մայր դառնալու կարողությունը, ինչից էլ և օգտվել է: Ամուսնության պահին Ալեքսիս Թամբարդոն գտնվել է հղիության 36-րդ շաբաթում:
Միաժամանակ զույգը ցանկանում է նաև ամուսնանալ կաթոլիկ եկեղեցում: Երիտասարդները նամակ են ուղարկել Հռոմի Պապ Ֆրանցիսկին, ով նույնպես ծագումով Արգենտինայից է: Տամբարդոն և Բրուսելարիոն ամուսնության թույլտվություն են խնդրել, սակայն դեռևս պոնտիֆիկոսից պատասխան չեն ստացել:
Փաստորեն սա առաջին հղի տղամարդն է Արգենտինայում, սակայն աշխարհում արդեն առաջինը չէ: Նման դեպք արձանագրվել էր Գերմանիայում այս տարվա մարտին, երբ տղամարդը հղիացել և ծնել առողջ երեխայի: