Բրիտանական հիվանդանոցի հաճախորդներից մեկը շոկի մեջ է հայտնվել, երբ հասկացել է, որ վիրաբույժները իր մարմնում են մոռացել ռեզինե բժշկական ձեռնոցը: Վեց երեխայի մայրը՝ Շերոն Բրիքսը ենթարկվել է արգանդի հեռացման վիրահատության: Դրանից հետո կնոջ մոտ սկսվել են անտանելի ցավեր:

Կինը ցանկացել է շուտ տուն վերադառնալ, սակայն նա ստիպված է եղել ավելի երկար մնալ հիվանդանոցում:

Royal Derby հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ 42 տարեկան կնոջ օրգանիզմում վարակ է տարածվել, որն առաջացել է վիրահատությունից հետո: Շերոնն անձամբ է պարզել իր անհանգստության պատճառը: Զուագարան այցելելու ժամանակ, կինն իր մարմնից հանել է բժշկական ձեռնոցը: Այս մասին հաղորդում է Express պարբերականը:

«Ահավոր էր: Ես զգացի, որ իմ ներսում ինչ-որ բան կա: Ռեզինե ինչ-որ բան կա իմ ներսում և դրանից հետո ես հիշում եմ, թե ինչպես իմ օրգանիզմից հանեցի հսկայական ձեռնոցը, այն արյունոտ էր: Վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե ես այս վիճակով գնայի տուն»,- նշել է Շերոնը:

Հիվանդանոցի ղեկավարությունն այս դեպքի հետ կապված ստուգումներ է սկսել: Կնոջից ներողություն են խնդրել և հայտնել, որ մանրամասն հետաքննություն են սկսել: