Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը մասնակցելու համար այսօր մեկօրյա այց է կատարելու Երևան, որը դառնալու է առաջին բարձրաստիճան թուրք պաշտոնյայի այցը Հայաստան սկսած 2009 թվականից: Այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը: 
Չնայած երկկողմանի հանդիպում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ չի ծրագրավորված դեկտեմբերի 11 ուշ երեկոյան տվյալներով, սակայն թուրք դիվանագետները ընդգծել են, որ անկասկած բանակցություններ կունենան հյուրընկալող կողմի հետ Հայաստանի կողմից հրավերք ստանալու դեպքում:
«Նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը այցելել է Երևան 2009 թվականի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը մասնակցելու համար և նա այն ժամանակ հանդիպում է ունեցել իր հայ գործընկերոջ հետ»,- նշել են թուրք դիվանագետները:
Այն ժամանակ Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին հարաբերությունները կարգավորելու և փակ սահմանները բացելու երկու արձանագրություն, սակայն տարբեր պատճառներով հաջողության չհասան: Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ այն է, որ իր արևելյան հարևանը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Ադրբեջանի հետ խնդիրները: Հայաստանի կողմից զորքերի պոտենցիալ և մասնակի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից կարագացնի հարաբերությունների կարգավորման գործընթացը թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ:

Անցած երկու ամսվա ընթացքում ազերի և հայ պաշտոնյաների միջև հանդիպումները երկու պետությունների միջև բովանդակալից բանակցությունների վերսկսման հույսեր է տալիս: Վերջին հայ-ադրբեջանական բանակցությունները ավելացրեցին Դավութօղլուի ցանկությունը ներկա գտնվելու Երևանում կատարվելիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը:
Թուրքիայի ԱԳ նախարարը որոշումը այցելել Հայաստան ողջունվել է Միացյալ Նահանգների և առաջատար եվրոպական պետությունների կողմից: Համաձայն Hürriyet Daily News-ի հավաքած տեղեկատվության եվրոպացի և ամերիկացի դիվանագետները Դավութօղլուի այցը և հնարավոր երկկողմանի հանդիպումը շատ խոստումնալից քայլ են համարում: Նրանք խորհուրդ են տվել նաև Հայաստանին ձեռքից բաց չթողնել այցելությամբ ստեղծված հնարավորությունը:
Այնուամենայնիվ թուրք դիվանագետները ընդգծել են, որ այս չպետք է համարվի նոր երևույթ Հայաստանի նկատմամբ:
«Մենք ընդգծում ենք և հաստատում ենք կայուն և ծաղկուն Հարավային Կովկաս ունենալու մեր կոչը: Մենք միշտ հայտարարել ենք, որ մենք չունենք որևէ նախապաշարմունք Հայաստանի նկատմամբ»,- նշել են դիվանագետները:
Նրանք ընդգծել են, որ Դավութօղլուի այցը տարածաշրջանային համագործակցություն ստեղծելու Թուրքիայի մտադրության մեկ այլ ցուցիչ է և Հայաստանը այդ ոլորտի մաս է կազմում: