Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում “Мирное будущее Южного Кавказа: общая история и современность” անվանումով միջոցառումների շարքը եզրափակվեց Ռուսաստանի Խաղաղության և համագործակցության պալատի դահլիճում անցկացված մրցանակաբաշխությամբ և հաղթողների պատվին կազմակերպված ճաշկերույթով: Լրագրողների “Мирное будущее Южного Кавказа: общая история и современность” թեմայով նյութերի մրցույթում հաղթող ճանաչվեց և Ռուսաստան-Հարավային Կովկաս կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Հայաստանը ներկայացնող Վանիկ Էլիզբարյանը պարգևատրվեց պատվոգրով և թանկարժեք մրցանակներով: Իր խոսքում Վանիկ Էլիզբարյանը ողջունեց ներկաներին և կարևորեց հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը և Կովկասում խաղաղություն հաստատելու ձգտումը:
Նշենք, որ միջոցառման ժամանակ հայազգի 13-ամյա Ն.Կարապետյանի կողմից վրացական երգի կատարումը ստիպեց ներկաներին հոտնկայս ծափահարել: Վանիկ Էլիզբարյանը իր կողմից մրցանակ հանձնեց փոքրիկ հայուհուն` հիանալի կատարման համար:
Նշենք նաև, որ Մոսկվայում մրցանակի է արժանացել նաև Վարուժան Բաբաջանյանը, որը ի նշան ժողովուրդների խաղաղ գոյակցության` ծաղկեփունջ նվիրեց ադրբեջանական պատվիրակության անդամ Կամիլա Ալիևային:
Միջոցառման շրջանակներում մրցանակակիրները` այդ թվում Հայաստանը ներկյացնող Վանիկ Էլիզբարյանը և Վարուժան Բաբաջանյանը, հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի և Հարավային Կովկասի ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ:
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակները հանդիպումներ ունեցան նաև ՌԴ պետդումայի մի շարք պատգամավորների, հասարակական-քաղաքական շրջանակների, ինչպես նաև` ռուսական երիտասարդական կառույցների ղեկավարների հետ: