ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի համոզմամբ` Դավութօղլուի այցի հետ կապված խնդիրն այն է, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, թե Հայաստանից ներողություն խնդրել է:

Ախոյանի խոսքերով, իբր խիստ դատապարտելով երիտթուրքերի կատարած ոճրագործությունները, փորձում են ցույց տալ, թե հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին հայերը պետք է հետ կանգնեն իրենց դիրքերից, թշնամությունից:

«Թուրքիան լուրջ խնդիր ունի: Մի կողմից ցանկանում է ցույց տալ, թե դեմոկրատ պետություն է՝ «Զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսով: Սակայն չկա մի հարեւան, որի հետ Թուրքիան խնդիր չունենա: Միջազգային իրավունքի սահմաններում պետք է դատական գործընթաց սկսել՝ արխիվներում պահած փաստաթղթերը փռելով սեղաններին»,- Կարծիք հայտնեց պատգամավոր:

Վերջինիս համար անգամ զարմանալի է այն հանագամանքը, որ որոշ մարդիկ ինչ որ հույսեր էին կապում Դավութօղլուի այցի հետ և հիշեցրեց, որ Դավութօղլուի այցի պատճառը Սևծովյան համագործակցության շրջանակներում էր:

Պատգամավորը մեծ հույս հայտնեց, որ Թուրքիան իսկապես մի օր կդառնա դեմոկրատ երկիր:

Իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի դիտարկմամբ` Մաքսային միության անդամակցությունը նոր ճանապարհներ կգտնի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նրա խոսքով, մեր դիվանագետները, ունենալով ավելի մեծ պետությունների աջակցությունը, կարող են ավելի մեծ չափով մեր երկրի խնդիրները ներկայացնել եւ պահանջատեր դառնալ:

«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը ոչ մի կերպ չի անդրադառնա ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Հիմնական մեխը, որը փորձում էր ներկայացնել Դավութօղլուն, այն էր, որ հայերի դավաճանությանը նրանք պատասխանել են դեպորտով»,- ասաց նա: Մկրտիչ Մինասյանի կարծիքով, եթե Թուրքիան ցանկանում է իսկապես քաղաքակիթ երկիր դառնալ, ապա պետք է ուժ գտնի իր մեջ ճշմարտության աչքերին նայելու համար: