2013 թ. օգոստոսից խաբված շահառուների բարձրացրած աղմուկի արդյունքում մամուլում բազմիցս արծարծվել է Երևանի Ծարավ Աղբյուր 55/6 հասցեում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից և ՀՀ Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի՝ շահագործման հանձնելու ժամկետի խախտման հանգամանքը. համաձայն շահառուների հետ կնքված նախնական պայմանագրի՝ շենքը պետք է շահագործվեր 2012 թ. հոկտեմբերի 30-ին:

Բարձրացված աղմուկի արդյունքում, թվում է, թե սայլը տեղից շարժվեց, սակայն մինչ օրս շենքը շահագործման հանձնված չէ: Ավելին, բնակարանների հանձնման-ընդունման մի քանի անգամ երկարաձգված ժամկետներից վերջինը նորից խախտվել է:

Հոկտեմբերի 15-ին ՀԿ-ի կայքում տեղադրվեց բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքների ժամանակացույցը, համաձայն որի շենքի վերջին՝ 13-14-րդ հարկերի բնակարանների շահառուները 2013 թ. նոյեմբերի 1-ին պետք է դիտարկեին իրենց բնակարաններում նախապես ամրագրված թերությունների շտկվածությունը և ստորագրեին հանձնման-ընդունման նախնական արձանագրությունը: Սակայն ինչպես 14-րդ հարկի, այնպես էլ այլ հարկերի որոշ շահառուներ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել դա անելու: Ավելին, թերությունների շտկվածության պահին հապճեպ ստորագրման ներկայացված փաստաթուղթը, ինչպես հետո պարզվեց, ոչ թե նախնական արձանագրություն է, այլև բնակարանի վերջնական հանձնման-ընդունման ակտ: Բավական չէ, որ դա այլ բնույթի փաստաթուղթ է, դրա թիվ 2 կետում նշված է հետևյալը «Սույն ակտի ստորագրմամբ Գնորդ(ներ)ը հավաստում է(են), որ բնակարանը համապատասխանում է Պայմանագրով սահմանված պայմաններին, թերություններ չկան և Վաճառողը պատշաճ կերպով կատարել է Պայմանագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները»: Առնվազն շահագործման ժամկետի խախտման պատճառով իրականությանը չհամապատասխանող այս վերջին դրույթի ներառումը հանձնման-ընդունման ակտում մենք համարում ենք պարզ մանիպուլյացիա և պատասխանատվությունից խուսափելու միջոց:

Դեկտեմբերի 3-ին ՀԿ-ի կայքում տեղադրվեց մեկ այլ հայտարարություն, ըստ որի մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը (այսինքն՝ դեկտեմբերի 6-ը) Երևանի քաղաքապետի կողմից կստորագրվի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի շինարարության շահագործման փաստագրման ակտը, որից անմիջապես հետո կկատարվի շենքի վերջնական պետական գրանցում: 2013 թ. դեկտեմբերի 15-ից սկսած ՀԿ-ի և շահառուների միջև կկնքվեն բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագրերը, իսկ
մինչև վերոհիշյալ ժամկետը կավարտվեն նաև ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և գազամակատակարարման ցանցերին բնակարանների միացման աշխատանքները: Իսկ իրականում շահառուները դեռևս չեն ծանուցվել, թե արդյոք շենքը ստացել է վերջնական պետական գրանցում, գազաֆիկացում իրականացվել է միայն շենքի 3-րդ հարկի բնակարաններում և հայտնի չէ, թե վերոնշյալ կոմունալ ծառայությունները շենքում երբվանից կմիացվեն: Ավելին, դեռևս չի հրապարակվել նաև վերջնական պայմանագրի տեքստը, որին շահառուները պետք է նախապես ծանոթանային:
Մեկ այլ հիշարժան պատմություն է կոմունալ ծառայություններին միացման գործընթացը: Հոկտեմբերի 22-ին ՀԿ-ի կայքով ծանուցվեց, որ յուրաքանչյուր բնակարանի՝ էլեկտրամատակարարման ցանցին միացնելու վճարը կազմում է 87420 դրամ (ութսունյոթ հազար չորս հարյուր քսան դրամ):

Մի խումբ շահառուներ հոկտեմբերի 25-ին նամակ հղեցին ՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասադրության հարցերի նախարարի տեղակալ պարոն Արսեն Քարամյանին՝ պարզաբանում խնդրելով գումարի գոյացման, ինչպես նաև այն մասին, թե ինչու է բնակարանաշինության նույն ծրագրով Ծարավ Աղբյուրի 55/5 շենքում գործընթացն արվել անվճար, իսկ 55/6-ում՝ 87.420 դրամով: Հոկտեմբերի 30-ի իր պատասխան նամակում պարոն Քարամյանը գնագոյացման որևէ հաշվարկ չի ներկայացրել և փոխարենը միայն նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հաշվարկվել է շենքի՝ էլ.ցանցին միացման վճար, այն է 9.004.000 (ինը միլիոն չորս հազար), որն էլ բաժանվել է թվով 103 բաժանորդների միջև: Ինչ վերաբերում է Ծարավ Աղբյուրի 55/5 շենքում գործընթացն անվճար իրականացնելուն, ապա, ըստ պարոն Քարամյանի, այդ ժամանակ ՀԿ-ն ինքն է վճարել միացման անհրաժեշտ գումարը՝ 46.722.000 (քառասունվեց միլիոն յոթ հարյուր քսաներկու հազար), իսկ ներկայումս ֆինանսական միջոցների բացակայության պատճառով էլ. ցանցին միացման գումարը վճարել չի կարող»: 5 օր անց կայքում տեղադրվեց լրիվ հակադիր բովանդակությամբ հայտարարություն, ըստ որի՝ բնակարանների՝ սպասարկման ցանցերին միացնելու վճարները կատարելու է ԵՊՀ շրջանավարտների միավորումը՝ հաշվի առնելով շենքի կառուցապատման ավարտի ժամկետն ուշացնելու արդյունքում ծրագրի շահառուներին պատճառված անհարմարությունը (հանձնման ժամկետային ուշացում):

Մինչդեռ հարկ է նշել, որ այս ուշացման պատճառով որպես պայմանագրային պարտավորություն ԵՊՀ շրջանավարտների միավորումը պետք է հսկայական տույժեր վճարի շահառուներին, գումար, որ մի քանի անգամ գերազանցում է այս ծառայությունների միացման վճարները միասին վերցված:

Այս ամենը պարբերաբար հույս արթնացնող, բայց փաստորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության ընդամենը մի մասն է: Երիտասարդ դասախոսներն հույս ունեին իրենց բնակարաններում դիմավորել Նոր Տարին, սակայն, ինչպես երևում է հաճելի արձակուրդ կունենա միայն պարոն Քարամյանը:

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ