Մի խումբ լրագրողներ և հասարակական գործիչներ են ձերբակալվել Մոսկվայում Միջազգային առևտրի կենտրոնի մոտ, որտեղ այսօր կեսօրին սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո կոնֆերանսը: Լրագրողները մտադրվել էին Վլադիմիր Պուտինին հարցնել «Բոլոտնայայի գործով» ձերբակալվածների ճակատագրի մասին, որոնցից ոչ բոլորն են հայտնվել համաներման ցուցակում: Ինչպես նաև ծրագրել էին հանձնել ստորագրություններ ի պաշտպանություն ձերբակալվածների: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:

«Մենք բոլորս ձերբակալվել ենք: Չգիտեմ հստակ թիվը, միգուցե 30 մարդ: Ուղղակի այն բանի համար, որ եկել էինք և ցանկանում էինք հարցեր տալ»,- Facebook-ի իր էջում գրել է լրագրող Եվգենի Լևկովիչը: Հիշեցնենք, որ Լևկովիչը գարնանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում Կոնստանտին Էռնստի հետ հարցազրույցը հրապարակման պատճառով: Այն ժամանակ լրագրողը հայտնել էր, որ ռուսական Առաջին ալիքի ղեկավարը չձայնագրելու պայմանում նշել էր, որ գիտի Վլադիսլավ Լիստևի սպանության կազմակերպիչին և Լևկովիչի խոսքերով նշել է նրա անունը:

ОВД-Инфо-ի տվյալներով ձերբակալվել է 22 մարդ: Նրանք արդեն տեղափոխվել են Պրեսնենսկի շրջանի ներքին գործերի մարմին:

Ակցիայի նախօրեին Եվգենի Լևկովիչը սոցցանցում կոչ է արել նախագահի մամլո կոնֆերանսին հավատարամագրված լրագրողներին կառավարության ղեկավարից հարցնել «Բոլոտնայա գործով» անցնող մարդկանց հետապնդման մասին: Նա մասնավորապես խնդրել էր հարցնել «Բոլոտնայա գործի» և հոկտեմբերի 30-ին Յարոսլավի «Շիննիկի» և «Սպարտակի» խաղի ժամանակ տեղի ունեցած դեպքի նմանության մասին:

«Ինչպես է ստացվել, որ այդ դեպքերի մասնակիցները խուլիգանության համար ընդամենը 15 օր են նստել, իսկ Բոլոտնայա հրապարակի դեպքերի մասնակիցները, որոնց մեծ մասը ոստիկանության նկատմամբ բռնություն չի գործադրել, արդեն մեկ տարի է նստած են բանտերում և նրանց սպառնում է երեքից տաս տարի ազատազրկում: Ինչով են այս դեպքերը տարբերվում միմյանցից, եթե ոչ «Բոլոտնայա գործի» քաղաքական տարրով»,- գրել է Լևկովիչը: