Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հայտարարել է իր պատրաստակամության մասին հրաժարական տալ և ներկա պահին սպասում է ղեկավարության որոշմանը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Այսպիսի որոշում նախարարը ընդունել է վերջերս տեղի ունեցած սկանդալից հետո, որը կապված է հակակոռուպցիոն գործողությունների հետ, որի շրջանակներում ձերբակալվել էր նաև նախարարի որդին:

«Ըմբռնելով այն վնասը, որ կարող է հասնել մեր կուսակցությանը և կառավարությանը, ես դեռևս դեկտեմբերի 17-ին հայտարարել եմ իմ ցանկության մասին: Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ հրաժարական տալ: Այժմ սպասում եմ վարչապետի որոշմանը»,- հայտարարել է Գյուլերը:
Նրանից բացի իր պատրաստակամության մասին հայտնել է նաև էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, ինչպես նաև քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը: Նրանց որդիները ևս ձերբակալվել էին հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում: