Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը և անվտանգության ծառայությունը բավարարել են «Շրջանների կուսակցության» պատգամավոր Օլեգ Ցարևի միջնորդությունը արգելել 36 մարդու մուտքը Ուկրաինա, որոնց թվում նշված է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ԱՄՆ և ԵՄ պետությունների քաղաքացիներ: Այս մասին գրում է Коммерсантъ-Украина-ն:

Համապատասխան հարցումը Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյի և ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի անունով պատգամավորի կողմից փոխանցվել էր դեկտեմբերի ութին: Պատգամավորի կարծիքով «Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը, փողոցային ակտիվությունը և շենքերի գրավումը ծրագրված բնույթ են կրում», իսկ «նման գործողությունների կազմակերպումը պահանջում է համապատասխան պրոֆիլի մասնագետների մասնակցություն»:

Փաստաթղթի հետ ուղարկվել էր այն անձանց ցուցակը, որոնք ընդդիմության խորհրդատվական աշխատանքների շրջանակներում հնարավորություն ունեն «իրականացնելու այլ պետությունների քաղաքական հետաքրքրությունները»:

Այս ցուցակում նշված են Ջոնս Հոփկինսի համալսարանին կից Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնի գիտական աշխատակից Տարաս Կուզիոն, անվանի գերմանացի քաղաքագետ Անդրեաս Ումլանդը, ինչպես նաև Ֆինկ Բրայնը, Վասիլիկ Միրոնը, Ալեքսանդր Ռոսը(բոլորը ԱՄՆ-ից):
Հատկանշական է, որ Ցարևը Ռոսին անվանել է աշխարհում սոցիակալան ցանցերի կողմից հեղափոխությունների կազմակերպման լավագույն մասնագետ: Նոր գրատա պերսոն ցուցակում նշված է նաև Վրաստանի նախորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Վրաստանի 29 քաղաքացի: