ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) Ամանորը դիմավորելու է տանը՝ երեխաների և թոռնիկների հետ:

Այս մասին Աշոտ Աղաբաբյանն ասաց YerevanNews.am-ի հետ զրույցում:

«Առաջինը մեծ քրոջս եմ շնորհավորում, հետո մեծ եղբորս, հետո ընկերներիս»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Աշոտ Աղաբաբյանի տանը նվերներով զբաղվող կա, պատգամավորն այդ հարցերով չի զբաղվում:

«Ես ընդհամենն ապահովում եմ, որ տենց բան անպայման լինի: Ամանորի բոլոր հոգսերն էլ իրենց տերերն ունեն»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ է դրվում ԱԺ պատգամավորի Ամանորի սեղանին և արդյո՞ք կան ավանդական կերակրատեսակներ, որոնք պետք է լինեն, Աշոտ Աղաբաբյանն ասաց.

«Ես սեղանին դնելու բաների հետ չեմ խառնվում, դրա համար տան տիկին կա: Իր մոտ շատ հաջող ստացվում է: Բնականաբար իմ սեղանին ինչ լինում է, պետք է անպայման լինի նաև իմ երեխաների սեղաններին էլ, իրենց ընտանիքներում: Ամենակարևորն այն է, որ երեկոյան ժամը 12-ից հետո բոլորս միասին ենք լինում»:

Ո՞րն էր 2013թ ձեռքբերումը հարցին, Աշոտ Աղաբաբյանն ասաց.

«Ամեն տարի մեր ամենամեծ ձեռքբերումը մեր երկրի անվտանգությունն է, Ղարաբաղի անվտանգությունը, բնականաբար դա միայն պաշտպանությունը չէ, դա նաև մեր հասարակության սոցիալական վիճակն է: Այս տարի մենք ձեռք բերեցինք մի միություն` Մաքսային միություն, դառնում ենք այդ միության անդամ, որը կհեշտացնի մեր վիճակը: Մի մաքսային գոտի ունենալ Ռուսաստանի , Բելոռուսի, Ուկրաինայի, Ղազախստանի հետ, դա նշանակում է մեծ շուկա, և մատչելի գներ: Իսկ դա բավականին լուրջ ազդեցություն կունենա և մեր տնտեսության վրա, և մեր ժողովրդի վիճակի վրա: Ինձ թվում է մեր պետության այս տարվա ամենահաջողակ քայլը դա է եղել»: