Ֆինանսների նախարարությունը ուսումնասիրելով Սոցիալական ապահովության պետական ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն, հայտնաբերել է խախտումներ:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց Ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը, նշելով, որ ուսումնասիրություններ են կատարվել ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում:

Իսկ ընդհանուր թիվը ներկայացնելիս, նշվեց, որ իրականացվել են 85 ստուգումներ և ուսումնասիրություններ, որոնցից 9 ստուգումները կատարվել են վարչապետի հանձնարարականներով, որոնց էլ առավել մանրամասը բանախոսն անդրադարձավ արդեն ասուլիսի ընթացքում:

Նա նշեց, որ 2013 թվականին տարեկան ծրագրով ստուգումներ են կատարվել Արտակարգ իրավիճակների, Մշակույթի, Կրթության և Գիտության Նախարարություններում և դրանց ենթակա որոշ կազմակերպություններում և արդյունքում արձանագարվել են շուրջ 444 մլն դրամի խախտումներ, թերություններ, ոչ նպատակային կամ անարդյունավետ ծախսեր:

«ՊԵԿ-ի հարկային տեսչություններում ուսումնասիրելով հարկ վճարողների գործերը, արձանագրվել են մի շարք խախտումներ և ուսումնասիրությունների արդյունքներով ձևավորվել է 600 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր: Իսկ արդեն մարզպետարանների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ընդհանուր 94.2 մլն դրամ գումարով այսպիսի փաստեր», - նշեց Սոնա Ղարիբյանը:

Ղարիբյանը նշեց, որ անցյալ տարի իրենք ֆինանսների նախարարությունում ստուգումներ չեն իրականացրել: Անդրադառնալով արդեն այս տարվա հանձնարարականներին, նա նշեց, որ այդպիսի հանձնարակական այս տարի նույնպես ներառված չեն:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ինչու չեն ուսումնասիրվել գումարների հատկացման այնպիսի դեպքեր, որոնք մեծ քննարկումների պատճառ են դարձել:

Մասնավորապես խոսքը, «Ինչ, որտեղ, երբ» խաղին հատկացվելիք գումարի կամ Նունե Եսայանի հայտնի համերգին տրված գումարների մասին է: Այս հարցին ի պատասխան, Ղարիբյանը նշեց, որ ուսումնասիրություններն իրականացվել են բարձր ռիսկային համարվող ուղղություններում, իսկ նշված դեպքերի համար իրենք հանձնարարականներ չեն ունեցել: