Արդեն հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Պրահայում: Չեխիայի նախագահի նստավայրում տեղի ունեցավ հայ-չեխական համագործակցության 6 համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանին հարց ուղղելու հնարավորություն տրվեց լրագրողներին:
Ազատություն ռադիոկայանի թղթակիցը հետևյալ հարցը ուղղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ռուսական կողմը պնդում է, թե Հայաստանն այնքան ջանասիրաբար է լծվել ՄՄ-ին միանալու գործին, որ պատրաստել է բոլոր փաստաթղթերը ՄՄ-ին միանալու համար, ի՞նչն է ՀՀ-ին ստիպում այդքան արագ միանալ այդ միությանը, և սա այն դեպքում, երբ ՌԴ-ն անտարբերությամբ հետեւում է, թե ինչպես են մեր սահմանամերձ շրջանները ամեն օր գնդակոծության ենթարկվում Ադրբեջանի կողմից: Եվ եթե ՌԴ-ն ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ-ի դաշնակիցն է, ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ ՌԴ-ն հսկայական քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին»:

Ի պատասխան հարցադրմանը, Սերժ Սարգսյանն ասաց.

«Ես այստեղ երկու նկատառում ունեմ, առաջինը, որ մենք սովոր չենք բողոքելու,կոնկրետ ես, սովոր չեմ բողոքելու, երկրորդ՝ ես կարծում եմ դուք հնարավորություն ունեք Երևանում այս հարցերը ինձ ուղղելու և եթե այս հարցը ուղղում եք Պրահայում, ես ստօպված հիմա ձեզ պատասխանում եմ:
Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ և որակով, եթե մենք որոշում ենք կայացրել միանալու Մաքսային միությանը, ապա դա պետք է անենք հնարավորինս արագ, ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել:

Եվ երկրորդ, ուզում եմ հիշեցնել, որ Մաքսային միությունը տնտեսական կառույց է եւ ոչ ռազմական: Բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո, Ռուսական կողմը համագործակցում է նաեւ Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք և հնարավորություն ունենք Ռուսական կողմին արգելելու համագործակցությունը Ադրբեջանի հետ:

Ինչ վերաբերում է մեր սահմաններում տեղի ունեցող իրավիճակին, ապա դուք հնարավոորություն եք ունեցել համոզվելու, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է մեր կողմից, մենք ունենք բոլոր հնարովորությունները պաշտպանելու մեր տարածքների ամբողջականությունը, մեր սահմանների անառիկությունը և մեր այդ կարողությունները ձևավորվել, հիմա էլ համալրվում են նաև Ռուսաստանի Դաշնության ջանքերով»: