ՀՀ ոստիկանությունը ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, Թբիլիսի քաղաքում վերջապես ձերբակալել են օֆշորային սկանդալում ներգրավված և փախուստի մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը:

«Այս պահին որոշվում է նրան էքստրադիցիայի ենթարկելու հարցը, այսինքն՝ Վրաստանից Հայաստան տեղափոխելը»,-ասաց Արմեն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է: Նա իբրև թե ադամանադագործ էր և հենց նրա միջնորդությամբ էր գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկում գրավադրել իր ողջ ունեցվածքը, որը հետագայում աստիջանաբար կորցրեց: Ըստ բիզնես պլանի Հայրապետյանի ներդրած գումարներով Սուքիասյանը Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետությունից պետք է ադամանդի հումք ներկրեր Հայաստան, որտեղ 23 գործարարներ պետք է իրենց գործարաններում մշակեին այն: Ավելի ուշ միայն պարզ դարձավ, որ Հայրապետյանի գումարները բոլորովին այլ ուղղությամբ էին գնացել` օֆշորում գրանցված մի ընկերության հաշվեհամարի, որը սեփականատերերը հանդիսանում են, ինչպես հայտնում էին լրատվամիջոցները,  վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, Նավասարդ Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը:

Աշոտ Սուքիասյանը ոստիկանության կողմից հետախուզվում էր 2013 թվականի հունիսի 17-ից: Նրան մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունըչարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: