Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը խնդիրներ կունենա: Այս մասին այսօր կայացած ասուլիսի  ժամանակ նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը նշեց մի քանի խնդիրներ, որոնց առաջ Հայաստանը կկանգնի ՄՄ մտնելուց հետո: Ըստ Գրիգորյանի, այդ խնդիրների մասին գիտի նաև Կառավարությունը:

«Առաջին խնդիրը բոլոր ապրանքների գնաճն է: Մաքսային միությանն անդամակցելու դեպքում միության անդամ չհանդիսացող բոլոր երկրները դառնում են երրորդ երկիր, և այդ երկրներից ապրանք ներմուծելիս դրա գինը, բնականաբար, մեծանում է: Երկրորդ խնդիրը սուվերեյնության հարցն է»,- նշեց նա, հավելելով, ոև մյուս կարևոր խնդիրը Ղարաբաղի հարցն է, քանի որ շատ երկրներ անում են այնպիսի հայտարարություններ, որոնք դեմ են Հայաստանի շահերին:

Գրիգորյանի կարծիքով, Հայաստանը գնում է այնպիսի մի տեղ, որտեղ շատ երկրների շահերը չեն համընկնում Հայաստանի շահերին: