Այսօր ԱԺ նիստում հիմնական զեկուցողը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էր, ում հերթով հարցեր էին ուղղում ԱԺ պատգամավորները:

Հետաքրքիրն այն էր, որ Շաբոյանին հարցեր ուղղեցին նաև ՕԵԿ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը: Պետք է նկատել, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները հարցեր էին ուղղում խոշոր և մանր բիզնեսի մասին և իրենց հիմնական հարցերն ուղղված էին սուպերմարկետների դեմ:

Եվ սա այն դեպքում, երբ խոշոր սուպերմարկետները պատկանում են հենց ՀՀԿ-ական պատգամավորներին:

Նշենք, որ սկզբում Արտակ Շաբոյանը նշեց, որ մի կողմից հարմարավետ են խոշոր խանութները, որովհետև առավել մաքուր են, հարուստ տեսականի ունեն, մյուս կողմից էլ՝ կա վտանգ, որ խոշոր սուպրեմարկետները կարող են ոչ մրցակցային պայմաններ թելադրել՝ առավելություններ ստեղծելով փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ:

«Սուպերմարկետների տարածումը համարում ենք օբյեկտիվ երևույթ, բայց կա նաև այդ վտանգները, որ խոշոր խանութները կարող են իրենց ոչ մրցակցային պայմանները թելադրել», - նշեց նա, հավելելով, որ այդ խնդիրը գտնվում է ՏՄՊՊՀ ուշադրության ներքո:

Հենց այս հայտարարությանն էլ արձագանքեց Հեղինե Բիշարյանը, ով նախ նշեց, որ Արտակ Շաբոյանի մեջ երկու մարդու պայքար կա:

«Մի կողմից դուք ընդունում եք, որ խոշոր խանութները հարմարավետ են, բայց մյուս կողմից գիտակցում եք, որ դա վնասում է միջին բիզնեսին: Բայց ամեն դեպքում, սպասարկման ոլորտը խոշորացնելով, մենք մեծ աջակցություն ենք ցույց տալիս երկրից արտագաղթողներին, որով ամենուր կտեսնեք, որ օֆիսային տարածքները վաճառվում կամ տրվում են վարձով»,- նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: