Ապրելով մայրաքաղաքում` տեղյակ չենք մարզերում ապրող մեր հայրենակիցների սոցիալապես անապահով վիճակի մասին: Խոսքը հատկապես վերաբերում է Գյումրու վագոն-տնակներում և հանրակացարաններում ապրող մարդկանց, ովքեր ձմռանը չեն ունենում նույնիսկ վառելափայտ` տարրական տաքությունը ապահովելու համար:

Այդուհանդերձ դեռ կան սրտացավ մարդիկ, ովքեր չեն մոռանում նրանց և պարբերաբար օգնում են այդպիսի մարդկանց: Նրանցից է Մարինա Նուշիկյանը, ով պարբերաբար այցելում է մանկատներ, այդպիսի ընտանիքներին: Հիշեցնենք, որ դեռևս տարեվերջին նա այցելել էր Գյումրի` իր հետ տանելով 400 պարկ վառելափայտ, խաղալիքներ և սնունդ:

Այս անգամ ևս նա անտարբեր չմնաց գյումրեցիների անապահով վիճակին և <Շիրակ կենտրոնի> օգնությամբ այցելեց առավել սոցիալապես խոցելի ընտանիքներ: Նշենք, որ նա այցելեց երկու հանրակացարան, որտեղ ծայրաստիճան աղքատության մեջ և վատ պայմաններում ապրում էր մոտ 30 ընտանիք, հիմնականում բազմազավակ, այցելեց նաև վագոն տնակներում ապրող շուրջ 20 ընտանիքի: Մարինա Նուշիկյանը նրանց առաջին անհրաժեշտության սնունդ տվեց, երեխաներին` քաղցրավենիք և խոստացավ օգնել նաև վարձով բնակարանների և այլ հարցերով:

Գովելի է, որ լինելով երիտասարդ և տեսնելով այդպիսի անապահով ընտանիքներին, Մարինա Նուշիկյանը ցանկանում է օգնել նրանց որքան որ կարող է: YerevanNews.am-ի հետ զրույցում նա կոչ արեց բոլորին միանալ իրեն և օգտակար լինել մեր պետությունում ապրող բազմաթիվ այդպիսի ընտանիքների: Իսկ նրանք շատ-շատ են: Լուսանկարները խոսում են խոսքերի փոխարեն:

Նշենք, որ Մարինա Նուշիկյանը ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի դուստրն է և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարսը: